Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը

ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Սևակ ավանում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։

 Ըստ աղբյուրի՝ ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։

Նշվում է, որ այցի ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության զարգացման կարևորությունը և ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։