Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետաջակցության ծրագրերի ընթացակարգերն ու պայմանները

Կառավարությունը փոփոխություններ  կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերն ու պայմանները պարզեցնելու նպատակով։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 2020 թ. հուլիսի 1-ից մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերով իրականացվում է՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիպոթեկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար), երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիպոթեկային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։

Ըստ հիմնավորման՝ վերոնշյալ նպատակային ծրագրերի պայմաններն ու ընթացակարգերը խիստ սահմանափակում են ծրագրերի շահառուների քանակը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պարզեցնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը և պայմանները։

Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ մեղմացվում է այն պայմանը, ըստ որի շահառուն ծրագրից օգտվելու համար պետք է ունենա առնվազն 12 ամիս մարում՝ երեխայի ծննդյան հաջորդ ամսվա 1-ի դրությամբ:

Փոփոխությամբ առաջարկվում է, որ եթե շահառուն չունի 12 ամիս մարում, ապա կարող է սպասել մինչև կկարողանա բավարարել այդ պահանջը և նոր դիմել ծրագրում ընդգրկվելու համար, սակայն դա անհրաժետ է անել մինչև երեխայի 1 տարեկան լրանալը: