«Վարչապետի հրաժարականի դեպքում անկայունությունն ու անորոշությունը կմեծանան, որը խիստ վտանգավոր է». քաղաքագետ

«Վարչապետի հրաժարականի դեպքում անկայունությունն ու անորոշությունը կմեծանան, որը խիստ վտանգավոր է». քաղաքագետ
«Վարչապետի հրաժարականի դեպքում անկայունությունն ու անորոշությունը կմեծանան, որը խիստ վտանգավոր է». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարո՛ն Շիրինյան, այն բանից հետո, երբ ԲՀԿ-ին մեղադրեցին արտահերթ ընտրությունների հարցում ՀՀԿ-ին սատարելու մեջ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց տվեց ՝ հայտարարելով, որ ինքը միշտ հեղափոխության կողքին է եղել: Նա նաև իրեն է վերագրում հեղափոխության հաջողությունները, հայտարարեց, որ այդ գործում իր լուման ունի հենց առաջին օրից: Ընդհանրապես, ի՞նչ վարքագիծ է դրսևորում ԲՀԿ-ն, և առաջիկայում ի՞նչ կարող ենք սպասել այս ուժից:

– Դա այս քաղաքական գործընթացի ամենաբարդ հարցն է: ԲՀԿ-ն և՛ նախկին իշխանություններին է մաս կազմել, և՛ անկայուն վարքագիծ է դրսևորել: Որպես օլիգարխիկ կառույց՝ նա անցյալի հետ է, երրորդ հանրապետությունում: Բայց ի տարբերություն մյուս դոգմատիկ ուժերի, Ծառուկյանը փորձում է ներկայի ու ապագայի հետ լինել: Այդ փորձերը նրա կուսակցությանը հաղորդում են որոշ անհետևողականություն և տատանումներ: Բայց եթե ժողովրդական շարժումը հզոր լինի, նա հաստատ անցնելու է հեղափոխության կողմը: Չմոռանանք նաև այն վիրավորանքը, որը նա ստացել է Սերժ Սարգսյանից և նրա հանրապետական խմբից: Դա ավելի շատ Ծառուկյանին կմոտեցնի հեղափոխությանը, բայց անկանխատեսելիության գործոնը նրա մոտ շատ մեծ է:

– Նիկոլ Փաշինյանը խոսում է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: ԲՀԿ-ն դեկտեմբերին կգնա՞ արտահերթ ընտրությունների, կսատարի՞ Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

– Այո՛, Նիկոլ Փաշինյանի և ժողովրդական զանգվածի ճնշման տակ կգնա: Նա ՀՀԿ չէ, վարքագծի տատանողական դրսևորում կունենա, բայց կգնա արտահերթ ընտրությունների: Եթե Փաշինյանի դիրքորոշումը կարծր լինի, ժողովրդի պահանջը՝ մեծ, նա հաստատ թքած կունենա Սերժի ու Ռոբերտի վրա: Հիմա էլ թքած ունի:

– Իսկ ընտրությունների դեպքում ի՞նչ դիրքերում կարող է լինել ԲՀԿ-ն: Օրինակ՝ Ծառուկյանը կարո՞ղ է հավակնել վարչապետի պաշտոնին:

– Չի կարող, որովհետև ժողովրդի գնահատականն իր հետ չէ կապված: Ժողովուրդն իր գնահատականը տվել է Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ևս ԲՀԿ-ն 7-8 տոկոս ձայն կստանա, ավելիի շանսեր չկան:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Նա նաև ասաց, որ մինչ այդ հրաժարական կտա: Ընդհանրապես այս քայլը ճի՞շտ եք համարում, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել վարչապետի հրաժարականը:

– Ես ճիշտ տարբերակ եմ համարում այն, որ Փաշինյանը հանրաքվեով գնա արտահերթ ընտրությունների: Հանրաքվեի պետք է դրվի երեք հարց, որոնց իրականացումը Հայաստանի համար ձեռնտու կլինի: Ասեմ՝ որոնք են այդ հարցերը:

Առաջին՝ Ազգային ժողովի արձակում, երկրորդ՝ հանրաքվեով պետական խորհրդի ստեղծում և գործադիր ու օրենսդիր իշխանության հանձնում այդ խորհրդին, մինչև նոր ընտրությունների անցկացում և նոր կառավարության ձևավորում:

Եվ երրորդ՝ ամենակարևոր հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պետք է առաջադրի իր թեկնածությունը, նրա ընտրությունը պետք է լինի հանրաքվեի միջոցով: Այս երեք կետը պետք է մտցնել հանրաքվեի թերթիկի մեջ, դա երկրում կապահովի կայունություն, կանխատեսելիություն և կհաստատի ժողովրդի հաղթանակը: Դրանով էլ վերջ կտրվի երրորդ հանրապետությանը, կսկսվի նոր փուլ, որն էլ կկոչվի չորրորդ հանրապետություն: Այսինքն՝ որակական նոր անցում տեղի կունենա:

– Այդ դեպքում վարչապետի հրաժարական չի՞ լինելու:

– Ո՛չ, նա հրաժարական չպետք է տա, որովհետև դա խիստ վտանգավոր է: Եթե նա հրաժարական է տալիս, նշանակում է Հայաստանում 14 օր աշխատանքային օրեր չեն լինի: Պատկերացրեք աղքատ երկրում 14 օր հանրահավաքներ, երթեր ու անկայունություն են լինելու, պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Երկրորդ՝ դա կարող է բերել հինգերորդ շարասյան ակտիվացման կամ ուժեղ միջամտության:

Իշխանության մեջ նաև Սերժի ու Ռոբերտի կողմնակիցները կակտիվանան, նաև Մանվել Գրիգորյանի պես մարդիկ կարող են հայտնվել: Դրա համար ես առաջարկում եմ հրաժարականի ճանապարհով չգնալ, դա վտանգավոր է: Հանրաքվեի առաջարկն այդ երեք կետերով ամենալավագույն տարբերակն է:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանի հնարավոր աջակցության միջոցով կարո՞ղ է հաջողությունների հասնել քաղաքական դաշտում: Ընդհանրապես բացառո՞ւմ եք ԲՀԿ-Քոչարյան միասին հանդես գալը: Ծառուկյանն իր հարցազրույցում անգամ երդվում էր, որ իր միջոցով ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն վերադառնա:

– Ո՛չ, Քոչարյանը ժողովրդի աչքին ոչ մի գործոն էլ չէ: Բայց եթե խարդավանքներով են գործում, ուրեմն կարող է գործոն լինել: Բայց մեծ հաշվով նա քաղաքականության մեջ գոյություն չունի, ժողովրդի կողմից նրա նկատմամբ միայն թշնամանք ու արհամարհանք կա: Բայց խարդավանքների պարագայում գիտեք ինչ է լինում: Դրա համար Սերժն ու Ռոբերտն այդ շրջանում պետք է մեկուսացված լինեն հասարակությունից: Դա երկրի անվտանգության պահանջն է:

– «Այդ շրջան» ասելով՝ նկատի ունեք, եթե վարչապետը հրաժարակա՞ն տա:

– Այո՛, դա մի շրջան է լինելու, երբ անկայունությունն ու անորոշությունը կմեծանան: Պետք է զգույշ լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am