Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները արտակարգ իրավիճակի պայմաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին:

Այդ ժամին երեք րոպե տևողությամբ կղողանջեն եկեղեցական զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների ու փողոցների լույսերը:

Նույն ժամին քաղաքացիները, մարելով իրենց բնակարանների լույսերը և պատուհանների մոտ վառելով հեռախոսների լույսերը, կմիանան «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային՝ հայացքներն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդ կամ ուղիղ եթերով հետևելով հուշահամալիրի բարձունքում վառվող լույսին։

«Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով միջոցառումը
Ծիծեռնակաբերդում
կանցկացվի Ռ. Պատկանյանի խոսքերով գրված «Արի իմ սոխակ» երգի ներքո:

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից՝ նշելով անուն-ազգանուն և այս տարի այդ եղանակով հարգելու անմեղ զոհերի հիշատակը։
Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։

Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը
և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց»: