Պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար պարգևատրվել են

Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։

Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է։