Փաշինյանը փորձում է դաշտը լցնել գոյություն չունեցող թեզերով, որ մարդիկ մտածեն, թե Արցախի հանձնումը բերում է Հայաստանի  խաղաղությանը. ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմը համակարծի՞ք է Նիկոլ Փաշինյանի հետ, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության երեք հիմնական սկզբունքները:

– Իրականում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ զբաղված է հանրությանը մանիպուլացնելով ու խաբելով, քանի որ չի ուզում ընդունել, թե իր որդեգրած բանակցային քաղաքականությամբ ինչ խայտառակ՝ ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական, պարտության է բերել Հայաստանը: Փաստացի Նիկոլ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ գնացել է աննախադեպ զիջումների հօգուտ Ադրբեջանի՝ դիմացը չստանալով բացարձակապես ոչինչ, ինչի մասին բազմիցս ենք խոսել: 

Ադրբեջանն այսօր նախագահի մակարդակով Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Հայաստանի տարածքը՝ «հին ադրբեջանական հող», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի զիջումները չեն բերել ո՛չ խաղաղության, ո՛չ պայմանագրի, ո՛չ էլ Հայաստանի համար կայունության կամ ագրեսիաների ռիսկի նվազեցման: 

Ամբողջությամբ հակառակն է, դրա համար էլ նա դաշտ է նետում թեզեր, թե իբր պայմանագրի ստորագրումը շատ մոտ է, իրենք ամբողջությամբ հասել են պայմանավորվածությունների և այլն, իսկ իրողությունն այն է, որ նույն արևմտյան հարթակներում Ալիևը ստացել է իր համար բացառիկ զիջումներ, ու երբ եկել է իր զիջումներ կամ քայլեր անելու ժամանակը, նա ուղղակի մերժում է գնալ այդ հարթակներ ու չի հանդիպում որևէ ճնշման: 

Փաշինյանը փորձում է դաշտը լցնել գոյություն չունեցող թեզերով, որ մարդիկ մտածեն, թե Արցախի հանձնումը բերում է Հայաստանի խաղաղությանը: 

– Այսինքն՝ ադրբեջանական կողմը բնավ չի՞ պատրաստվում խաղաղություն կնքել, գոնե այն բովանդակությամբ խաղաղություն, որի մասին խոսում է Փաշինյանը:

– Բնականաբար ո՛չ, որովհետև նրանք ի սկզբանե մտադիր չեն եղել որևէ պայմանագիր ստորագրել, Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո ցանկացել է ստեղծել գործընթաց, որի միջոցով կչեղարկի ԵԱՀԿ Մինսկի խումբը, նախկին պայմանավորվածություններն ու բոլորովին նոր հիմքերի վրա կդնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները և դա արել է Նիկոլ Փաշինյանի օգնությամբ: 

Փաշինյանը պատերազմից ու իր վերընտրվելուց կարճ ժամանակ անց հրաժարվել է Կառավարության ծրագրում առկա դրույթներից, 2022-ի ապրիլի իր հայտարարությամբ հրաժարվել է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից: Եթե ուշադրություն դարձնեք, 2022 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո, նա արդեն կիլոմետրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վտանգելով Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքը: 

Պրահայի հայտնի դեպքերից ամիսներ անց՝ 2022 թվականի դեկտեմբերին, Ալիևը ելույթ ունեցավ ու խոսեց այն մասին, որ ԼՂ հարցը փակված է, ու այժմ իրենք բացում են «Արևմտյան Ադրբեջանի», այսինքն՝ ներկայիս Հայաստանի հարցը: Այս միտումը վաղուց կար Ադրբեջանում, բայց հիմա դա դրվում է կոնկրետ ինստիտուցիոնալ, հրահանգավորված հիմքերի վրա, ստեղծվում է համապատասխան համայնք, որը նաև հեռուստաընկերություն է բացում ու ակտիվ քարոզչական աշխատանք է տանում, նամակներ է ուղղում միջազգային հանրությանը:

Քանի որ Հայաստանի իշխանությունը այդ ամենին համարժեք չի արձագանքում, չի ստեղծում օրակարգ, չի խոսում այդ անվանումից բխող լուրջ ռիսկերի ու ծավալապաշտական նկրտումների մասին, մենք ստանում ենք այն, որ որոշ ժամանակ անց արդեն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպում է այդ անվանումով համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը որևէ արձագանք չի տալիս: 

Եթե մենք զուտ խոսենք ադրբեջանցի ինչ-որ փախստականների վերադարձի մասին, բնականաբար Հայաստանը պետք է խոսի Սումգայիթի, Բաքվի, Գանձակի մեր ավելի քան կես միլիոն հայրենակիցների հեռացման մասին, էլ չեմ խոսում ԼՂ խնդրի մասին, բաց դա առանձին թեմա է: Կոնկրետ ադրբեջանցի փախստականների թեմայի համարժեք հարցը Բաքուն, Սումգայիթն ու Գանձակը լքած մեր հայրենակիցների թեման է, բայց այստեղ կարևորագույնը այն անվանումն է, որը դրվել է, իսկ այն ինքնին ծավալապաշտական նկրտումներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, ու այդ հարցը Հայաստանի իշխանություններն ուղղակի անտեսում են: 

– Տիկի՛ն Հայրապետյան, այսինքն՝ Ադրբեջանն առաջ է քաշում այդ փախստականների վերադարձի հարցը նա՞և: 

– Ադրբեջանը մեր երկրի տարածքը իր պատմական հայրենիքն է համարում, ու ադրբեջանցիները ոչ թե փախստական են, հետ են գալիս, այլ վերադառնում են իրենց «պապենական հողեր»: Ադրբեջանն ամբողջությամբ խեղում է տարածաշրջանի պատմությունը այդ կոնտեքստում: Այն, որ մեր երկիրն այսօր Ադրբեջանի նախագահի մակարդակով կոչում են «Արևմտյան Ադրբեջան», մեր երկիրը զավթելու ուղղությամբ ուղիղ հայտ է:

– Այդ դեպքում, ըստ ձեզ, քանի որ որոշ ժամանակ եղել եք նաև այս իշխանության մաս, ինչո՞ւ է գործադիրի ղեկավարը ցանկանում խաղաղություն կնքել այս կարգի պետության հետ՝ անտեսելով այն, ինչ տեղի է ունենում իրականում:

– Իրականում, տեսեք, թե ո՛րն է այս ամենում տրամաբանության բացակայությունը. 2020 թվականի պատերազմից հետո ինչ-որ մարդիկ և ուժեր Նիկոլ Փաշինյանին հավանաբար համոզել են, որ պետք է հրաժարվել 90-ականների պատերազմի բոլոր արդյունքներից՝ խաղաղության հասնելու համար: Պատերազմից հետո նա որդեգրել այս տրամաբանությունը, ու թեև ինքն ու իր թիմը շատ անազնիվ կերպով հանրությանը ներկայացրել են բոլորովին այլ ծրագիր, բայց իրականության մեջ նրանք որդեգրել են բոլորովին այլ փիլիսոփայություն ու դրանով էլ առաջ են գնացել: 

Այդ փիլիսոփայությունը ձախողվել է, որովհետև այդ բացառիկ զիջումների դիմաց, ինչպես նշեցի, մենք ստացել ենք այն, ինչ բոլորս տեսնում ենք: Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ տրամաբանությունից չի կարող հրաժարվել, որովհետև ինքն այնքան հեռուն է գնացել, որ իր հրաժարումը մեծ խնդիրներ կբերի իր համար: 

Միակ օգուտը, որ նա կարող է տալ Հայաստանին, հեռանալն է, ընդունելով, որ իր քաղաքականությունը ձախողվել է, բայց քանի որ նա չունի պետական գործչին հատուկ մտածելակերպ, բացառապես ելնում է իր նեղ անձնական ու թիմային շահից, պատրաստ է զոհաբերել Հայաստանը, բայց չլքել վարչապետի աթոռը, ու մեծագույն խնդիրը սա է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am