Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են. Փաշինյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կլինի, եթե հայկական և ադրբեջանական կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Ըստ էության, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Եվ, եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց այդ սկզբունքները: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառ. կմ: Վարչապետը նկատեց, որ այդ թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա ու թիրախ է դառնում:

Այս առնչությամբ նա պարզաբանեց. «Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում: Եվ հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա: Այս թվերը վերցված են Խորհրդային միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից: Դրանում Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալասիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներն են»:

Երկրորդ սկզբունքը հետևյալն է՝ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է ելնել այն իրողությունից, որ Խորհրդային միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչում են Ալմաթիի հռչակագրով: «Դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմաթիի հռչակագրի ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը: Ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար, կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացով նույնպես բավականին արագ ու արդյունավետ հնարավոր է առաջ գնալ»,-ասաց Փաշինյանը:

Երրորդ սկզբունքը հետևյալն է՝ բացվում են տարածաշրջանային հաղորդակցությունները՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, և տարածաշրջանային հաղորդակցությունները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով:

Այս սկզբունքի վերաբերյալ հայկական կողմն իր դիրքորոշումն ամփոփել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: