ԱՄՆ կոնգրեսականներին կոչ եմ արել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա․ Հայկ Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։

«Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Ջեքի Սփիրին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։

Կոչ եմ արել գործընկերներիս՝ շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակ ագրեսիա, ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին»,- գրել է Կոնջորյանը։