ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցք։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, որպես ԵԱՀԿ նախագահ, ես հանձնարարել եմ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և հաղորդել ինձ մանրամասներ ներկա իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Օսմանին։
Գրառման մեջ նա ևս մեկ անգամ կրկնել իր կոչը, որը վերաբերում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի թույլտվությանը։ Օսմանին նաև կոչ է արել միաժամանակ աշխատել շարժունակության և հաղորդակցության համար նոր ճանապարհների բացման ուղղությամբ։
«Մարդասիրական գործոնները պետք է գերակա լինեն քաղաքականի նկատմամբ։ Քանի դեռ քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի, ԵԱՀԿ-ն պատրաստ է ներգրավվել որպես միջնորդ»,- եզրափակել է իր գրառումը ԵԱՀԿ նախագահը: