«Նայում ես օրական արձանագրվող մահերի թիվը, խոսելդ անգամ չի գալիս. պատասխանատու մարմինները պետք է որոշումներն արագ կայացնեն». Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, դպրոցներում արձակուրդի երկարաձգման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում համավարակով պայմանավորված սահմանափակումներին, որոնք կարծես թե միայն կրթության ոլորտի նկատմամբ են կիրառվում։

– Չպետք է մոռանալ, որ կրթական, հատկապես՝ հանրակրթական ոլորտը ամենամեծն է, ու քանի որ երեխաներն էլ հանդիսանում են վարակի ակտիվ փոխանցողներ, դրանց էլ գումարում ենք ուսուցիչներին, փոխանցողների մեծ թիվ ենք ստանում, հետևաբար կրթության ոլորտում պետք է նվազագույնի հասցնել ֆիզիկական շփումները, այս իմաստով հասկանալի է։ 

Կրթական համակարգը, հատկապես՝ հանրակրթականը, պետք է վաղուց սովորեր արտակարգ իրավիճակին համապատասխան գործիքներ կիրառել։ Դասապրոցեսը ոչ միայն հեռավար պետք է կազմակերպեր, այլ նաև համակցման եղանակն օգտագործեր, ինչպես անում է մեր կրթահամալիրը։ Շատ լավ կլիներ, որ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները թվային տեխնոլոգիաների հմտություններին տիրապետեին, նկատի ունեմ ուսումնական նպատակով, խնդիրը սովորե՞լն է, թող սովորեն դրանց տիրապետել, արդեն երկու տարի է՝ արտակարգ իրավիճակում ենք ապրում։ Ես սրա կողմնակիցն եմ, միևնույն ժամանակ, առավելագույն չափով բացօթյա պարապմունքներին պետք է տեղ հատկացնել, փոքր խմբերով պարապմունքներին, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե այս իրավիճակը ե՛րբ է վերջանալու։ 

Լիազոր մարմինների գործողությունները՝ ի դեմս առողջապահության նախարարի, դժվար է գնահատել, երբ նայում ես օրական արձանագրվող մահերի թիվը, խոսելդ անգամ չի գալիս։ Այդ պատասխանատու մարմինները պետք է որոշումներն արագ կայացնեն։ Չեմ էլ ուզում այս վիճակն օգտագործել քննադատության համար, բայց մասնագիտական կառույցները պետք է արագ ու հիմնավորված քայլեր անեն։

– Ձեր խոսքում ասացիք, որ երկու տարի է՝ արտակարգ իրավիճակում ենք ու պետք է սովորած լինեինք այդ իրավիճակում ապրելուն։ Որքանո՞վ ենք սովորել, մասնավորապես, կրթական համակարգը, ապրել իրավիճակին համապատասխան։

– Վատ սովորեցինք, հատկապես՝ հանրակրթականը, որովհետև պետք է մի քանի ռեժիմ սահմանվեր, օրինակ՝ ռեժիմ 1, 2, 3, որոնցից կընտրվեր տվյալ պահին հարմար ռեժիմը, իսկ հիմա ունենք մի իրավիճակ, երբ ամեն անգամ ամեն ինչ նորից է սկսվում։ Ինչ վերաբերում է՝ որքանո՞վ կարողացանք, պետք է նայել, թե հիմա քանի՞ ուսուցիչ իր ձեռքին նոութբուք ունի, յուրաքանչյուր ուսուցիչ ունի՞, թե՞ չունի հանրակրթությունն առցանց վարելու կարողություն։ 

Լավ կլիներ, որ նախաձեռնող հասարակությունում ապրեինք, բայց, ցավոք, նախաձեռնողականության մեծ պակաս կա, հենց դրա համար են պետական մարմինները, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու արդյունավետ կազմակերպում իրականացնեն։ Այս երկու տարին բավական էր, որ ուսուցիչները, դպրոցները շատ ավելի պատրաստ ու ինքնավար լինեին ու դա չանեին ցուցադրական ու կեղծ նպատակներով, իրավիճակին համապատասխան գործողություններ պետք է կազմակերպեին։

– Եթե սահմանված արձակուրդից հետո որոշում կայացնեն, որ պետք է կրթական գործընթացը հեռավար իրականացնել՝ հաշվի առնելով արդեն ունեցած փորձը, պարո՛ն Բլեյան, դրանից դասապրոցեսը կտուժի՞, թե՞ հակառակը։

– Գիտեք՝ իմ տեսակետը չարիքից բարիք ստեղծելն է։ Առցանց կրթությունը՝ որպես կրթության կազմակերպման եղանակ, որն արդեն «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, պետք է յուրացվի։ Ձեզ ընդամենը մեկ օրինակ ասեմ. մեր կրթահամալիրում, երբ երեխան հիվանդանում է, նկատի չունեմ քովիդով, շատ արագ երեխան կամ ծնողը տեղեկացնում է, որ անցնում է առցանց եղանակի։ Ֆիզիկական շփում չի ունենում, բայց դասապրոցեսից հետ չի մնում՝ օգտագործելով ուսուցման այդ եղանակը։ Սրա մասին եմ ես խոսում։ 

Եթե ուսուցիչը յուրացրած լինի առցանց ուսուցման հմտությունները, երեխան մեծ հաշվով չի տուժի․ սա՛ է, որ պետք է արվի, սա՛ է, որ վատ է արվում։ Ես չեմ ուզում գնահատողի դեր ստանձնել, որովհետև դրա համար լուրջ ուսումնասիրություն է պետք, բայց ես ասում եմ, որ ուսուցման եղանակների միջև խտրականություն չպետք է դնել։

Չգիտես` ինչու հանրակարթական դպրոցը նույնացվում է առկա ուսուցման ձևի հետ, ինչին կտրականապես դեմ եմ։ Ուսուցիչը, երեխան ու իր ընտանիքը պետք է կարողանան իրավիճակին համապատասխան ընտրություն կատարել դասապրոցեսի անցկացման եղանակների միջև։

– Այսինքն՝ կարծում եք, որ եթե երկու կողմն էլ նախաձեռնողականություն դրսևորի՝ առցանց կրթությունը և՞ս արդյունավետ կլինի, ինչպես առկան։

– Այո՛, պետք է նախաձեռնող լինեն, որովհետև հանրակրթության պատվիրատուն միայն պետությունը չէ, ավելին՝ նախևառաջ սովորողն է, իր ընտանիքը, ուսուցիչը։ Ստեղծված հանգամանքները պետք է ստիպեին մեզ գնալ խելամիտ լուծումների ճանապարհով, իսկ այդտեղ առցանց կրթության միջոցներն օգտագործել առավելագույն չափով, սովորել աշխատել այդ եղանակով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am