Կառավարությունը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը նախ ներկայացրեց, թե ինչ են տարածական տվյալները և դրանց ենթակառուցվածքը:

«Տարածական տվյալը այն համակարգն է, որտեղից հնարավոր է ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի և ստորգետնյա կոմունիկացիաների վերաբերյալ, ինչպես նաև ստորգետնյա օբյեկտների վերաբերյալ: Տարածական տվյալների ենթակառուցվածքների առկայությունը և դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների հետ օգնում է, որպեսզի կառավարման համակարգում հնարավորություն ստեղծվի որոշումներ կայացնել հավաստի, ճշգրիտ և առժամանակյա տվյալների հիման վրա»,- ասաց Թովմասյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ Կառավարության որոշման նախագիծը բաղկացած է երեք հավելվածներից:

«Դրանք բազային և թեմատիկ շերտերի ցանկերն են, երկրորդը՝ բազային և տարածական տվյալներին վերաբերվող ստանդարտացման ուղեցույցներն են և երրորդ՝ թեմատիկ տարածական տվյալներին վերաբերվող ստանդարտացման ուղեցույցներն են: Ըստ էության, բազային տարածական տվյալների շերտերի մեջ մտնում են այն շերտերը, որոնք հիմնականում վարվում են Կադաստրի կոմիտեի կողմից և դրանք ներկայացնում են օրտոֆոտոհատակագծերը, կադաստրային խումբը և տեղագրական խումբը:

Կադաստրային խումբն իր մեջ ներառում է հասցեներ, կադաստրի միավոր, հողի նպատակային գործառնական նշանակություն և այլն: Իսկ տեղագրական խումբը իր մեջ ներառում է ռելիեֆ, ճանապարհային ցանց, ջրագրություն և այլն: Թեմատիկ տարածական շերտերը այն շերտերն են, որոնք պետք է վարվեն ոլորտային պետական լիազոր մարմինների կողմից:Օրինակ՝ գյուղատնտեսությունը, ճանապարհային ենթակառուցվածքները, երկրաբանությունը և այլն»,- ասաց Թովմասյանը:

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համակարգի արդյունավետ կառավարումը հնարավոր է դառնում այն ժամանակ, երբ բոլոր տվյալները հապատասխանաբար ստանդարտացված են և համադրելի:

«Այսինքն՝ ստեղծված են միևնույն միջավայրում, կոորդինատային համակարգում և ունեն նույն բնութագրիչները: Եվ եթե, օրինակ, Կադաստրի կոմիտեի կողմից հայցվում է տեղեկատվություն ռելիեֆի, կադաստրի քարտեզի և հողի նպատակային գործառնական նշանակության մասին, դրանք պետք է լինեն համապատասխան այն միջավայրում ստեղծված, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի տեղեկատվությունը հնարավոր լինի համադրել Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հետ և որպես վերջնարդյունք կատարել վերլուծություն և եզրահանգման գալ, արդյունքում մշակել քաղաքականություն»,- նշեց Թովմասյանը:

Կադաստրի կոմիտեի կողմից արդեն իսկ գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը (ազգային գեոպորտալը), ինչպես նաև քարտեզագրական մոդուլը, որը իր մեջ ներառում է Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բոլոր շերտերը:

«Այս ստանդարտների հաստատումից հետո Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ է լինելու Կադաստրի կոմիտեում վարվող բազային շերտերի ստանդարտացմանը»,- հավելեց Թովմասյանը:

Համակարգի ներդրումը կխթանի տնտեսության զարգացումը, որովհետև համապատասխան բիզնեսին կտրամադրվի առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արդեն բիզնեսը կպլանավորի իր հեռանկարային գործունեությունը, եզրափակեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը: