Հրապարակում կանգնածները պետք է ասեն՝ ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն, և արդյոք հե՞տ են բերելու կորցրած տարածքները․ Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, կուզեի Հայաստանի վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների հայտարարության իրավական գնահատականը տայիք։ Ըստ ձեզ՝ դա հայտարարությո՞ւն է, թե՞ համաձայնագիր։

– Բնականաբար, այդ համաձայնագիրը գործողության մեջ է դրված, ինչի՞ մասին է խոսքը։

– Համաձայնագի՞ր է, թե՞ հայտարարություն, ներկայացվում է որպես հայտարարություն։

– Ես խորապես համոզված եմ, որ ստորագրված համաձայնագիրը միջազգային պայմանագիր է և, նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածը, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումները, այն համոզման եմ, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը կամ հայտարարությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից։

Ավելին, ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով՝ Ազգային ժողովը կարող է ոչ միայն վավերացնել, այլ նաև կասեցնել կամ չեղյալ հայտարարել ներկայացված համաձայնագիրը։

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը կպնդի, որ սա միջազգային համաձայնագիր չէ, պետք է ներկայացնեն իրավական հիմնավորումներ, թե ի՛նչ է դա, ի՛նչ կարգավիճակ ունի։ 

Ես խորապես համոզված եմ, որ այն ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և, հաշվի առնելով այն, որ այդ միջազգային պայմանագրով շոշափվում են ռազմական և քաղաքական խնդիրներ, ուստի Սահմանադրության ուժով ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից։

Բայց ակնհայտ է, որ առանց վավերացման արդեն իսկ գործարկվել են պայմանագրի դրույթները, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը արդեն իսկ տեղակայվում են պայմանագրով սահմանված իրենց բնագծերում։ 

– Եթե այդ փաստաթուղթը այդ բոլոր պահանջվող ընթացակարգերով չի անցել, ինչո՞ւ է աշխատում, ըստ էության, խաղաղապահներն արդեն տեղակայվել են։

– Ես մատնանշում եմ իրավական կարգավորումները, ընթացակարգը։ Բայց գործնականում՝ թե ինչո՛ւ է կատարվում, այդ հարցը դուք պետք է տաք իշխանություններին։ 

Իսկ ձեր քաղաքական գնահատականը ո՞րն է ստորագրված փաստաթղթին։

– Այդ փաստաթուղթը ակնհայտ ոչ հայանպաստ և պարտվողական փաստաթուղթ էր Հայաստանի կողմից, ներկայացված համաձայնագիրը հեռու է հակամարտության էությունից և հղի է նոր պատերազմի վերսկսման հնարավորություններով, որովհետև այս համաձայնագրով Արցախի հակամարտությունը ամբողջովին չի հանգուցալուծվում։

Ավելին, որևէ հիշատակում չկա Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ, Ադրբեջանի փաստացի տիրապետության ներքո են անցնում ոչ միայն այն տարածքները, որոնք գտնվում էին մեր վերահսկողության ներքո, այլև բուն Արցախի տարածքից Հադրութի մեծ մասը, Մարտունու շրջանից որոշակի հատված։ 

Մենք գտնում ենք, որ այս ամենը վերջին տասնամյակների Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ձախողման հետևանք էր և վերջին 26 տարվա ընթացքում Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման հետևանք։

Մենք չկարողացանք վերջին 26 տարիների ընթացքում, ունենալով չափից դուրս նպաստավոր պայմաններ, հասնել Արցախի հիմնախնդրի կարգավորման այնպիսի լուծման, որը կբխեր Հայաստանի շահերից։

Մենք, ըստ էության, մսխեցինք մեր հնարավորությունները, ռեսուրսները և մեզ պարտադրված աննախադեպ ահաբեկչական պատերազմում պարտվեցինք Թուրքիայի անմիջական ներգրավմամբ։

Մենք չկարողացանք ցուցաբերել ազգային խոհեմություն, չկարողացանք իրատեսորեն գնահատել ինչպես մեր հնարավորությունները, այնպես էլ մեր մրցակիցների, թշնամիների սպասելիքներն ու ակնկալիքները, մենք գերագնահատեցինք մեր ընդհանուր համազգային պոտենցիալը։

Բացի այդ, չգիտակցեցինք Ռուսաստանի կողմից եկած սիգնալները, որովհետև Լավրովն իր ներկայացրած պլանով անընդհատ ասում էր, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն։ 

Ուշադրություն եմ ուզում հրավիրել մեկ այլ ասպեկտի վրա․ ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը պետք է խոսի և հանրությանը ներկայացնի, թե որո՞նք էին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հիմնական պատճառները, երբվանի՞ց էր իրեն առաջարկվել ՌԴ-ի կողմից այդ տարածքների վերադարձը, ինչո՞ւ չգնացինք այդ տարածքների հետ կապված առաջարկվող լուծման, ինչո՞ւ ձախողվեց, ինչո՞ւ եղան 2018-ի հեղափոխությանը նախորդած գործընթացները։

Դա լուրջ պրոցես է, պետք է ուսումնասիրել ու հետևություններ անել։ Բայց մի բան ակնհայտ է՝ սա մեր պատմության ամենատխուր ժամանակահատվածներից մեկն է, և ես հույս ունեմ, որ մենք դասեր կքաղենք ու առաջիկա բանակցություններում գոնե հասնենք այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հայանպաստ լինի, կարողանանք գոնե հետ բերենք Հադրութը, Շուշիի բնակչության հարատև ապրելու խնդիրը լուծենք, կարողանանք Արցախի վերաբնակեցման ու Արցախի վերականգնման խնդիրը արժանապատվորեն լուծել։ Ինձ համար Արցախը մշտապես եղել է հայկական հող, այնտեղ հազարավոր տարիներ ապրել են հայեր։

– Պարո՛ն Նորիկյան, վարչապետը հայտարարում է, որ բանակը խնդիրներ է ունեցել, և ինքը գլխավոր շտաբի պետի առաջարկով է կանգնեցրել պատերազմը։ Նման հայտարարությունը դուք վստահելի՞ եք համարում։

– Այո՛, ակնհայտ խնդիրներ կային։ Բայց քաղաքական իշխանության և, ընդհանրապես, երկրի բարձրագույն ղեկավարության սուրբ պարտականությունն էր հաշվարկել մեր ռազմաքաղաքական պոտենցիալը, մեր նյութատեխնիկական միջոցները, որովհետև պատերազմը մեր ռեսուրսների օգտագործում է՝ առավել բարենպաստ դիրքեր ձեռք բերելու կամ եղածը պահպանելու առումով։ Մենք պարտավոր էինք հաշվարկել՝ մենք պատրա՞ստ էինք, պատերազմի, թե՞ ոչ։ Եթե բանակը պատրաստ լիներ, բնականաբար, մենք հետ չէինք գնա, առաջ կգնայինք։ 

– Այսօր 17 կուսակցություններ Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնում՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

– Այդ 17 կուսակցությունները հանրահավաքից առաջ պետք է հանրությանը ներկայացնեին հետևյալ հարցերի պատասխանները՝ ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն, հրաժարականից հետո իրենց թեկնածուն պետք է ընտրվի գործող պառլամենտի՞ կողմից, թե՞ պառլամենտը պետք է արձակվի, ու նշանակվեն խորհրդարանական ընտրություններ, վարչապետի հրաժարականից հետո իրենց՝ իշխանության գալու պարագայում արդյոք չեղյա՞լ են հայտարարում արդեն կնքված համաձայնագիրը, թե՞ ոչ, այսինքն՝ պատերազմ հայտարարում Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքիային և վերականգնում կորցրած դիրքերը։

Մենք պետք է այդ հարցերի պատասխանը ստանանք, որ հասկանանք՝ ի՛նչ է նրանց ուզածը։ Եթե այս ամենը աթոռակռիվ է, պետք է ասեմ, որ այս կուսակցությունների մեծ մասը պատասխանատու է Հայաստանի այսօրվա վիճակի համար, որովհետև վերջին 20 տարիների ընթացքում իրենք էլ լինելով իշխանության՝ կարող էին ավելի լավ երկիր կառուցել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am