«Այս փողոցային ոռնոցները հենց այն մասին են, որ կոռուպցիայի ինստիտուտները քանդվել են երկրում». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, այսօր վարչապետը ակցիա կազմակերպեց՝ իր կողմնակիցներին կոչ անելով դուրս գալ փողոց։ Ըստ հաշվարկների՝ ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել վարչապետի հրավիրած հավաքին, ի՞նչ ուղերձ էր սա պարունակում։

– Սա ցույց տվեց մի քանի բան, որ մարդիկ պատրաստ են պաշտպանելու իրենց ընտրությունը։ Սա ամենակարևոր ուղերձն էր։ Այսինքն՝ այս ամենը մեծ հաշվով ոչ միայն և ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի մասին էր, որքան մարդիկ առաջին հերթին դուրս էին եկել իրենց ընտրությունը, իրենց որոշելու իրավունքը, Սահմանադրության այդ իմպերատիվ դրույթը պաշտպանելու և թույլ չտալու, որ իրենցից խլեն այն, ինչ իրենք նվաճել են 2018 թվականին։ Սա էր գլխավոր ուղերձը։

Անցած երեք ամիսների ընթացքում այն փողոցային ճղճղոցները, որոնք մենք լսում էինք, որ նյարդայնացնում էին մեր քաղաքացիներին, մեկ բաժակ ջրում փոթորիկից այն կողմ չեն անցնում և շանս էլ չունեն անցնելու։ Սա, ըստ էության, կարծես հանրաքվե լիներ, թե, ի վերջո, ի՛նչ է ուզում հանրությունը և ի՛նչ չի ուզում։

Ձեր կարծիքով՝ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր։

– Այո՛, սա ռազմական հեղաշրջման փորձ էր։

Այդ դեպքում ինչո՞ւ ձերբակալություններ չկան։

– Ես չեմ ուզում իրավական գնահատականների դաշտ տեղափոխել հարցը։ Բայց միայն այդ նամակը, թղթին հանձնված այդ մտքերն արդեն իսկ հակասում են մեր Սահմանադրությանը։

Այսինքն՝ մեր հարգարժան զինվորականները մի բան են արել՝ առանց գիտակցելու, որ սա ուղղակի հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ։

– Ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը, որովհետև ընդդիմությունն էլ իր կողմնակիցներին է հանել փողոց։

– Ես կարծում եմ՝ այս ամենը պետք է հանգուցալուծվի երկխոսությամբ։ Եվ իշխանությունը, այո՛, պետք է երկխոսի բացարձակ մանդատ ունեցողի դիրքերից՝ ստանձնելով այդ երկխոսության պատասխանատվությունը թե՛ դրա ընթացքի, թե՛ արդյունքների համար։ Բայց մենք տեսնում ենք, որ այս ամենը նաև կարիք ունի ինստիտուցիոնալ լուծումների։

Ինքը՝ Փաշինյանն է ասում, որ մեզ մոտ միակ կայացած ինստիտուտը կոռուպցիայի ինստիտուտն էր։ Եվ այս փողոցային ոռնոցները հենց դրա մասին են, որ այդ ինստիտուտները քանդվել են։ Եվ նրանք դրա համար են ոռնում։

Բայց հիմա ժամանակն է ինստիտուտներ ձևավորելու։ Ի վերջո, ամեն ֆորս մաժորի դեպքում պետք է ինստիտուտները դրան արձագանքեն, ոչ թե մարդիկ բան ու գործը թողնեն ու դուրս գան միտինգի։ Ինստիտուտները պետք է պաշտպանեն մարդկանց սահմանադրական իրավունքները, մարդկանց անօտարելի իրավունքները և մարդկանց ընտրելու իրավունքը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am