Մեկնարկել է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Օգոստոսի 14-29-ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

Փառատոնի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան համայնքում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: «Ֆրեսկոյի» երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 20-ին, Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:

Բացումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն ասել է, որ այսօրվա հանդիսավոր բացումից կզգացվի, թե որքան հոգի, ջանք և էներգիա են դրել փառատոնի կայացման գործում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը նշել է, որ հուրախություն կազմակերպիչների՝ Բերդավան համայնքում իրականացրած միջոցառումներին հանդիսատեսի պակաս չի զգացվել: Նույնն ակնկալում են նաև երևանյան միջոցառումներից. «Երևանցիները և զբոսաշրջիկները կարող են մասնակցել ֆիլմերի դիտման, համերգային ծրագրերի: «Ֆրեսկոն» միշտ եղել է հոգևոր և ազգային արժեքներ տարածող փառատոն, իսկ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է մոտիվացնող արժեքների հիման վրա՝ ընտրել ենք հույս, հավատ, սեր տարածող ֆիլմեր, միջոցառումներ»:

Բանախոսներից երաժիշտ Ալեքսեյ Արխիպովսկին, շնորհակալություն հայտնելով փառատոնին մասնակցելու հրավերի համար, ընդգծել է, որ Հայաստան ժամանելու գլխավոր նպատակը մարդկանց հոգիները ջերմացնելն է: Ասուլիսին ներկա են եղել նաև լուսանկարիչ, լրագրող Դմիտրի Բրիկմանը և «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտեի» գործադիր տնօրեն, անվասայլակներով սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Կրելը: Վերջինիս խոսքով՝ փառատոնը Հայաստանը բացահայտելու յուրօրինակ միջոց է. ««Ֆրեսկոն» ինձ օգնել է բացահայտել ժամանակակից Հայաստանը: Ես այն բացահայտել եմ ոչ թե ստանդարտ պատմությունների, այլ ամենակարևորի՝ հոգու տեսանկյունից: Այսօր բոլորը խոսում են պատվաստման կարևորությունից: Պատվաստում ենք մարմնի առողջության համար, բայց պետք է չմոռանանք, որ հոգուն էլ է պատվաստանյութ պետք: Ձեր երկիրը մեծ ցավ է ապրել, իսկ ցավն այրում է մարդու հոգին: Պետք է չվախենալ երաժշտություն լսել, պարել, երգել ծափահարել, ժպտալ՝ հենց այդպես հոգին կյանք վերադարձնելով»:

Դմիտրի Բրիկմանն էլ «Ֆրեսկոն» անվանել է բարության փառատոն. «Շատ կարևոր է առաջ նայել, իսկ փառատոնը մարդկանց հուսալու, առաջ նայելու հնարավորություն է տալիս: Անցյալը փոխել հնարավոր չէ, բայց մենք կարող ենք ազդել ապագայի վրա, և դա անել հենց բարության շնորհիվ»:

Հավելենք, որ այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից: Փառատոնի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին, օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին՝ «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոս 27-ին տեղի կունենա բացօթյա «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն) ներկայացումը, իսկ օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, վայրն անփոփոխ՝ Երևանի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների տարածք (Երևան, Աբովյան 15/1):