ԵՄ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շնորհիվ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստիպված են հաշվի առնել Հայաստանի կարծիքը. Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունները նկատի ունենալով՝ կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը շահագրգռված է Արցախի հարցի կարգավորմամբ և կարգավիճակի հարցի քննարկմամբ:

– Ակնհայտ է, որ այդ այցելությունն առաջին հերթին կապված է Արցախի հարցի հետ: Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը չխոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, բայց հարց ու պատասխանների ժամանակ խոսեց: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք՝ Լավրովի այդ քայլը նշանակում էր, որ Մինսկի խմբի շրջանակում Արցախի նաև կարգավիճակի հարցի վերաբերյալ ընթացող քննարկումները Ռուսաստանի համար հիմա առաջնահերթություն չեն: 

Բայց պատերազմից հետո Ռուսաստանի կոշտ հռետորաբանությունը, որ հայտարարում էին՝ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը, գլխավորը տարածքների վերադարձն է Ադրբեջանին և այլն, փոխվել է, հիմա այդ կոշտությունը չկա, և դա դրական է: 

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Մինսկի խումբն ակտիվացել է, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն վերադառնում են տարածաշրջան, ինչի դեմ Ռուսաստանն ուժեղ գտնվել չի կարող, բայց դեռ չի փոխել իր կարծիքն այն առումով, որ գլխավոր խնդիրը կարգավիճակը չէ:

Շատ լավ է, որ Հայաստանի արտգործնախարարը խոսեց Մինսկի խմբի ձևաչափի, այդ շրջանակում քննարկումների վերականգնման մասին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քաղաքական լուծման հարցի մասին: Ռուսաստանն այս մասով դեռ պատրաստ չէ, բայց կարևոր է, որ այդքան ագրեսիվ դեմ չի արտահայտվում, ինչպես պատերազմից անմիջապես հետո էր:

– Փաստորեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումներում դրական տեղաշարժ նկատու՞մ եք:

– Արտգործնախարարների հայտարարությունների հրապարակային մասը, որը լսեցի, թույլ է տալիս նման բան ասել, այո՛: Բայց ես չգիտեմ, թե ոչ հրապարակային մասում ի՛նչ են խոսել, այնուամենայնիվ, դրականն այն էր, որ ես չնկատեցի որևէ ճնշում մեզ վրա՝ գոնե հրապարակային հատվածում:

– Պարո՛ն Գրիգորյան, Սերգեյ Լավրովը հատուկ ընդգծեց, որ կողմերը չպետք է շեղվեն նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ փաստաթղթի կետերից, իսկ այդ կետերում նշված չէ Արցախի կարգավիճակի հարցը: Այս պարագայում հնարավոր կլինի՞ Արցախի կարգավիճակի հարցը ինչ-որ ձևով շրջանառության մեջ դնել, դարձնել օրակարգի հարց:

– Մասամբ այդ հարցը դրվել է շրջանառության մեջ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, ու Ռուսաստանը դա չի կարող անտեսել: Փաստ է, որ կարգավիճակի հարցը հիմա քննարկվում է, ուղղակի մեզ համար լավ կլինի, որ նաև բանակցությունները վերսկսվեն Մինսկի խմբի շրջանակում, որը ավտոմատ կլուծի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հարցը: 

Չէի ասի, որ եթե Ռուսաստանն այսօր հիացած չէ այդ հարցով, վաղը դեմ կլինի: Օրինակ՝ Ռուսաստանն ակնհայտ դեմ էր, որ Հայաստանը գերիների հարցը քննարկման հարց դարձնի ԵԽԽՎ-ում, բայց երբ հայկական կողմի ջանքերն արդյունք տվեցին, Ռուսաստանն ասաց, որ դեմ չէ: 

Մենք պետք է շարունակենք այդ գիծը, շատ կոշտ ձևով պետք է նշել, որ տարածաշրջանի ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ հայ ռազմագերիները չեն վերադարձվել, և ոչ մի քննարկում չպետք է լինի՝ Մինսկի խմբի ձևաչափից դուրս:

– Սերգեյ Լավրովը Երևանից հետո աշխատանքային այցով մեկնելու է նաև Բաքու, ինչո՞վ է պայմանավորված Երևանից անմիջապես հետո Լավրովի այցը Բաքու, և ի՞նչ հարցեր են քննարկվելու այնտեղ՝ ըստ ձեզ:

– Պատահականություն չեն այդ այցերը, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ օրակարգի գլխավոր հարցը Ղարաբաղի հարցն է, քանի որ Ռուսաստանը ստանձնել է միջնորդի դերն այդ հարցում, պարզ է, որ եթե զինադադարի պայմանավորվածությունը խախտվի, դա կլինի իրենց խայտառակությունը: 

Իրավիճակը փոխվել է այն առումով, որ եթե նախկինում չէին հետաքրքրվում Հայաստանի կարծիքով, ապա հիմա նույն այդ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստիպված են մեր կարծիքը հաշվի առնել: 

Այս փոփոխությունը կատարվեց շնորհիվ Եվրամիության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վարած քաղաքականության, այն փաստը, որ այս երեքը կոշտ քննադատում են Ադրբեջանի պահվածքը գերիների հարցով, որ ընդգծում են Մինսկի խմբի կարևորությունը՝ բանակցությունների գործում, սրանք աշխատում են հօգուտ մեզ, և Ռուսաստանը, ուզած-չուզած, հաշվի է նստում դրա հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am