Իշխանությունը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմամբ զբաղվելու փոխարեն, միտինգ ու երթ է կազմակերպում. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2019թ. Ն. Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը։ Հիմա արդեն կարելի է արձանագրել, որ նրան ոչ միայն չի հաջողվել ջարդել այդ դիմադրությունը, այլ ավելին, այն ավելի է կարծրացել:

Գեներալների դժգոհությունն այս ամենի խոսուն վկան է: Իշխանությունը փոխարենը զբաղվեր պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմամբ, զբաղված է ժամանակ առ ժամանակ միտինգ ու երթ կազմակերպելով: Առհասարակ, մենք ի՞նչ որակի իշխանություն ենք ցանկանում ստեղծել։

Սա հարցերի հարցն է, թե, այնուամենայնիվ, կառավարական կաբինետներում արդյո՞ք շարունակելու է իշխել հեղափոխական շունչը, հեղափոխական և հրապարակի մեթոդներով հարցեր լուծելու փիլիսոփայությունը, թե՞ այնուամենայնիվ, պետության բնականոն զարգացումն ապահովվելու է իրավական կառուցակարգերով՝ հիմնված սահմանադրության, օրենսդրության և իրավական պետությանը բնորոշ տրամաբանությամբ։

Ես կողմնակից եմ իրավական կառուցակարգերով պետության բնականոն զարգացումն ապահովելու տեսակետին՝ հստակ համոզմունքով, որ այլևս պետք է բացառել փողոցով և հեղափոխական միջոցներով լուծել իշխանության հարցը:

Այս իշխանության ամենակարևոր պարտականությունն ու առաքելությունն էր ստեղծել այնպիսի հասարակական միջավայր և այնպիսի քաղաքական համակարգ, որ այսուհետ Հայաստանում իշխանության հարցը լուծվեր բացառապես ընտրությունների միջոցով, և գործող իշխանության պարտված ղեկավարը շնորհավորեր հաղթած քաղաքական ուժին՝ օրինական, լեգետիմ ընտրությունների միջոցով արձանագրած հաղթանակի համար։

Սա՛ է արդար Հայաստանի միակ ճանապարհը, և արդար Հայաստանն այլընտրանք չունի»։