Լայնածավալ ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում՝ Խարկովը կամ Կիևը գրավելու նպատակով, քիչ հավանական եմ համարում․ Բենիամին Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ձեր գնահատմամբ, ի՞նչ վիճակ է Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում, ինչո՞ւ են լարվել կողմերի հարաբերությունները։

– Իմ գնահատմամբ՝ խոսքը ոչ այնքան Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների մասին է կամ շատ քիչ է այդ երկրների հարաբերությունների մասին: Հիմնական խնդիրը 1991 թվականից հետո, այսինքն՝ սառը պատերազմի ավարտին, ԽՍՀՄ փլուզումից հետո Եվրոպայում ձևավորված անվտանգային համակարգը որոշակիորեն վերանայելու Ռուսաստանի ցանկությունն է կամ ձգտումը:

Ռուսաստանը համարում է, որ 1991 թվականից հետո ձևավորված եվրոպական անվտանգային համակարգն արդարացի չէ, երկրորդ՝ հաշվի չի առնում Ռուսաստանի շահերը, և Ռուսաստանը կարծում է, որ այդ համակարգը ձևավորվեց 1990-ականներին, երբ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, օգտվելով Ռուսաստանում տիրող քաոսային վիճակից, կարողացավ ձևավորել եվրոպական անվտանգային համակարգ, որը հավասարապես հաշվի չի առնում Ռուսաստանի շահերը և միակողմանիորեն առաջ է տանում Արևմուտքի շահերը։

Հիմա Ռուսաստանը այս համակարգի վերանայման հայտ է ներկայացրել, և այստեղ Ուկրաինայի խնդիրը, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները, Դոնեցկի, Լուգանսկի խնդիրները՝ դրանք, կարելի է ասել, ընդամենը պատրվակ են կամ մեծ խճանկարի մի փոքր մասը։ Պարզապես Ուկրաինան այնքանով է կարևոր, որ հիմա բոլորը ենթադրում են, որ եթե Արևմուտքը Ռուսաստանի բոլոր պահանջները մերժի կամ պահանջների մի մասը չկատարի, ապա Ռուսաստանը կարող է որոշ քայլեր կատարել Ուկրաինայի դեմ՝ դրանով ակնարկելով, որ եթե իր անվտանգային շահերը հաշվի չեն առնում, ապա Եվրոպայում նորմալ անվտանգային համակարգ չի լինի։

Այս իմաստով է Ուկրաինան քիչ թե շատ ուշադրության կենտրոնում, որ եթե Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում փոխզիջում չլինի, ապա կարող է Ուկրաինայի դեմ որոշակի գործողություններ իրականացվել։

– Բացառո՞ւմ եք, որ այդ որոշակի գործողությունները կլինեն ու կունենան ռազմական բնույթ։

– Բավականաչափ դժվար է որևէ բան բացառել, բայց հստակ է մի բան․ այն պահանջները, որ Ռուսաստանն է ներկայացրել, հասկանալի է, որ դրանց մեծ մասը ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող բավարարել: Օրինակ՝ այնտեղ պահանջներ կան, որ հստակ նշվում է, թե ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվելու, իսկ դա հակասում է ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներին։ Պահանջներ էլ կան, որ ՆԱՏՕ-ն պետք է իր ռազմական ակտիվությունը նվազեցնի 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած բոլոր պետություններում, իր ենթակառուցվածքները հետ բերի։

Ռուսաստանն ինքն էլ գիտի, որ այս ու նման այլ պահանջները չեն կարող բավարարվել, որովհետև դա ուղղակի կնշանակի ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի կապիտուլյացիա։

Պահանջներ կան, որոնք գուցե բավարարվեն, բայց հիմնական պահանջների մերժման դեպքում Ռուսաստանը, բնականաբար, չի կարող որևէ քայլ չձեռնարկել։ Իմ գնահատմամբ՝ Ռուսաստանը նպատակ ունի այդ պահանջների մերժումը օգտագործել որպես հիմք՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն փաստացի անտեսում են Ռուսաստանի անվտանգային շահերը, հետևաբար ինքը հարկադրված է ինչ-որ քայլեր ձեռնարկելու։

– Պարո՛ն Պողոսյան, իսկ այդ ինչ-որ քայլերը ի՞նչ բնույթի են լինելու։

– Ռուս պաշտոնյաները խիստ անորոշ ձևով ասում են՝ ռազմատեխնիկական պատասխան։ Իհարկե կարող են լինել որոշակի ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, բայց ես չեմ բացառում, որ Ռուսաստանն այս հանգամանքն ավելի շատ օգտագործի ու ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, ինչպես 2008-ին ճանաչվեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, և արդեն այդ պետությունների հետ կարող է կնքել պայմանագրեր ու իր համար օրինական հիմքով, օրինակ՝ Դոնեցկում կամ Լուգանսկում տեղակայել ռազմակայաններ։

Մյուս տարբերակը կարող է լինել այդ երկրների անկախության ճանաչումը, բայց նախկին սահմաններով, որոնց 70%-ն այսօր Ուկրաինայի վերահսկողության տակ է, ընդամենը 30%-ի վրա են հիմնված այդ երկու պետությունները։ Անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը կարող է հայտարարել, որ այդ 70%-ը օկուպացված է Ուկրաինայի կողմից, և, օրինակ՝ պահանջել Ուկրաինայից դուրս բերել իր զորքերն այդ օկուպացված տարածքներից։ Հակառակ պարագայում՝ հիմք ստեղծելով, գոնե ռազմական գործողություններ սկսել այդ հատվածներում։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանը, հնարավոր է՝ միջուկային զենք տեղադրի Բելառուսի տարածքում։ Վարկածները տարբեր են, դրանցից մեկի համաձայն էլ լուրջ ռազմական գործողություններն են Ուկրաինայի դեմ, բայց ամեն դեպքում, որ լայնածավալ ռազմական գործողություններ կլինեն Ուկրաինայի տարածքում՝ Խարկովը կամ Կիևը գրավելու նպատակով, քիչ հավանական եմ համարում: Բայց, օրինակ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչում ու զուգահեռ պահանջ Ուկրաինայից՝ վերջ տալ այդ հանրապետությունների օկուպացիային, այսինքն՝ կպահանջեն Ուկրաինայից իր զորքերը հանել Դոնեցկի և Լուգանսկի ամբողջ տարածքից, և Ուկրաինայի մերժման դեպքում ինչ-ինչ ռազմական գործողություններ հավանական են։

Բելառուսի տարածքում միջուկային զենքի տեղակայումը ևս ավելի հավանական է, քան լայնածավալ ռազմական գործողություններ՝ Կիևը կամ Խարկովը գրավելու համար։

– Այսօր կկայանա ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտգործնախարարների հանդիպումը, ի՞նչ վերջնարդյունք եք ակնկալում, ընդհանուր հայտարարի կգա՞ն։

– Դժվարանում եմ ասել, բայց վերջնարդյունք չի լինի, որովհետև Ռուսաստանը պահանջում էր գրավոր պատասխան, իսկ ԱՄՆ-ի արտգործնախարարն արդեն հայտարարել է, որ Լավրովի հետ հանդիպմանը որևէ գրավոր պատասխան չի ներկայացնելու։

Կարծում եմ, որ Ռուսաստանի հիմնական պահանջները կմերժվեն, ու Ռուսաստանը դա կօգտագործի ինչ-ինչ քայլեր անելու համար։ Արևմուտքն էլ փորձում է ահաբեկել, որպեսզի այդ քայլերը շատ կտրուկ չլինեն, որովհետև բոլորն են հասկանում, որ պահանջների մերժումից հետո Ռուսաստանն անպայման ինչ-որ գործողությունների կդիմի։

– Պարո՛ն Պողոսյան, իսկ այդ դեպքերի զարգացումների ցանկացած սցենար ի՞նչ ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի ու Հայաստանի վրա։

– Տարածաշրջանի վրա ուղղակի ազդեցություն երևի չի լինի, բայց անուղղակի ազդեցություն հնարավոր է, որովհետև եթե լինեն որոշակի գործողություններ, պարզ է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններն ավելի կվատթարանան: Իսկ մենք շարունակում ենք մնալ ռուսական ազդեցության գոտու մաս, ու չեմ բացառում, որ դա կարող է էլ ավելի դժվարացնել արտաքին քաղաքական մանևրի որևէ հնարավորություն։

Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների խզումը կամ վերջնական խզումը կարող է նաև Հայաստան-Արևմուտք հարաբերությունները էլ ավելի սառեցնելու պատճառ դառնալ։

– Իսկ հնարավո՞ր է թուրք-ադրբեջանական տանդեմն այդ լարվածությունն օգտագործի և սահմանային սադրանքների դիմի Հայաստանի դեմ։

– Արցախում՝ չեմ կարծում, որովհետև դա կլինի ուղիղ հարձակում Ռուսաստանի դեմ, բայց Հայաստանի սահմաններին հնարավոր է, չնայած դա արդեն կա անցյալ տարվա մայիսի 12-ից, երբ ադրբեջանցիներն օկուպացրեցին մեր տարածքների մի մասը, ու մինչ օրս այդ վիճակի փոփոխություն չկա, սահմանային էսկալացիաներն էլ շարունակվում են։

Էսկալացիաների հաճախականությունը հնարավոր է ավելանա, բայց լայնածավալ ներխուժումների հավանականությունը քիչ եմ համարում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am