«Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» բացօթյա փառատոնը տեղի կունենա Իջևանում

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի համակարգմամբ ու նախաձեռնությամբ հուլիսի 27-ին, ժամը 16։00-ին Իջևանում տեղի կունենա «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» խորագրով բացօթյա փառատոնը, որը կազմակերպվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի, Հանրային լրագրության ակումբի և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Փառատոնի նպատակն է հանրությանը ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը: Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում կներկայացվեն վերոնշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող հանրային արշավները, դրանց միանալու հնարավորությունները, ակնկալվող արդյունքները՝ ի շահ քաղաքացիների։