Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի վայրում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Պարոն Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: Այս պահին արդեն հասնում է պարոն Ծառուկյանը: Մենք չգիտենք, թե ինչ մեղադրանք է, ինչի համար է»,- ասաց Տոնոյանը:

17 կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: Նշված կուսակցություններն են` «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը արդեն իսկ հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների: Բերման ենթարկվածների թվում է նաև Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը