«Եթե տրվեինք զգացմունքներին, այսօր երրորդ Հաղթանակի կամարը կկանգնեցվեր Երևանի կենտրոնում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը քաղաքականության մեջ առաջնորդվեր զգացմունքներով, այսօր «երրորդ Հաղթանակի կամարը կկանգնեցվեր Երևանի կենտրոնում»։

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Ալիևն այս մասին ասել է հոկտեմբերի 2-ին Բաքվում՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության VIII համագումարում ունեցած ելույթի ժամանակ։

Ալիևը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների և ռազմական ուժի մեծացման անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտություն և պատերազմ չկա», սահմանին հանգիստ է, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, և երկու երկրների միջև նույնիսկ առևտուր է սկսվել։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի մեծացնել իր ռազմական ուժը և «ամեն օր նրանցից տասն անգամ ուժեղ լինի»։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե իր երկիրը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023 թվականի սեպտեմբերին «ճիշտ ժամանակին կանգ է առել», թեև, նրա խոսքով, «տարբեր տարբերակներ կային»։

«Դրանից հետո պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել, հասնել խաղաղության, որպեսզի այլևս արյուն չթափվի։ Որովհետև մեզ հավերժական պատերազմ պետք չէ, դա մեր ընտրությունը չի եղել։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք ճիշտ ժամանակին կանգ առանք, և 2023 թվականի սեպտեմբերին նույնպես ճիշտ ժամանակին կանգ առանք։ Թեև տարբեր տարբերակներ կային»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը թելադրվում է «հեռատեսությամբ, ռազմավարական մտածողությամբ և ժողովրդի հիմնական շահերը հաշվի առնելով»։

«Քաղաքականության մեջ զգացմունքների տեղ չկա։ Եթե մենք տրվեինք զգացմունքներին, այսօր, հավանաբար, երրորդ Հաղթանակի կամարը կկանգնեցվեր Երևանի կենտրոնում»,- հայտարարել է Ալիևը։

Ելույթի մեկ այլ հատվածում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պետք է շարունակի ուժեղացնել բանակը՝ դա հիմնավորելով նաև տարածաշրջանում շարունակվող պատերազմներով և միջազգային անվտանգության մեխանիզմների, իր գնահատմամբ, անարդյունավետությամբ։