«Չի կարա մարդն ուրիշ տեղ ապրի, հայրենիքը մի այլ տեղ լինի, զարգանա ու պատերազմ չլինի»․ Մոսկվայից Հայաստան՝ նոր հույսով

26-ամյա Արթուր Գասպարյանը 3 տարի առաջ թողել է կյանքը Ռուսաստանում՝ Մոսկվայում, որտեղ ծնվել, մեծացել և կրթություն է ստացել, ու տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության։

Արթուրի խոսքով՝ Հայաստան տեղափոխվելու ցանկությունը հեղափոխությունից հետո ծագեց, որոշեց գալ հայրենիք՝ որևէ կերպ իր ներդրումն ունենալու Հայաստանի զարգացման գործում:

«Արձակուրդներին եղել եմ Հայաստանում, բայց հեղափոխությունից հետո որոշեցի արդեն մշտական տեղափոխվել, մենակ եմ եկել, ընտանիքս դեռ էնտեղ ա, բայց հուսով եմ՝ իրենք էլ կտեղափոխվեն։

Հեղափոխությունից հետո Հայաստանում նոր փոփոխությունների հույսեր եղան, զգացի, որ իմ երկրի զարգացման մեջ կարող եմ իմ ներդրումն ունենալ, ու դա ջուրը չի ընկնի կամ ինչ-որ մեկի գրպանը չի մտնի, կամ ինչ-որ մեկը քո ռեսուրսը չի օտագործի իր օգտին, այլ կծառայի երկրի լավ ապագայի համար, ու միասին կկառուցենք, կսկսենք նոր պատմության էջը գրել»,- Հայաստան գալու իր որոշման մասին է պատմում Արթուրը ու նշում, որ 2020-ի պատերազմից հետո առավելևս ամրապնդվեց հայրենիքում ապրելու իր գաղափարը, քանի որ, նրա խոսքով, միայն Հայաստանում լինելու և արարելու դեպքում է հնարավոր պաշտպանել երկիրը և նպաստել նրա զարգացմանը։

«Իմ ծանոթների մեջ էլ մարդիկ եղան, որ պատերազմից հետո վերադարձան Հայաստան, քանի որ մենք հասկանում ենք, որ չի կարա մարդն ուրիշ տեղ ապրի, հայրենիքը մի այլ տեղ լինի ու զարգանա ու պատերազմ չլինի։ Եթե մենք տեր չեղանք մենք երկրին, վաղ թե ուշ մեկը կհարձակվի ու կուզենա իր ձեռքը վերցնի»,- իր համոզմունքն է հայտնում 26-ամյա երիտասարդը։

Արթուր Գասպարյանը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր, այդ ընթացքում ուսումնասիրել է, թե որ ոլորտներում ավելի շատ ներդրումների անհրաժեշտություն կա, որ ոլորտներում են ավելի շատ բացթողումները։ 

Ուսումնասիրություններից հետո Արթուրը հասկացել է, որ ամենաշատ խնդիրները կրթության ոլորտում են, և հենց այս ոլորտում պետք է գործունեություն ծավալի։

«Հիմնական խնդիրները սկսվում են կրթությունից, եթե մարդը կրթված չի, արդեն տնտեսությունն ա տուժում, առողջապահության համակարգը, քաղաքականությունը, բոլոր ոլորտները։ 

Ես Գյումրիում գործընկեր գտա, հենց նրա զարգացման կենտրոնում էի որպես կամավոր ներգրավված, ես տեսա նրա էնտուզիազմը, տեսա՝ ինչպես է աշխատում, արժեքներով համընկանք ու հասկացանք, որ միասին նոր կենտրոն կարող ենք բացել՝ նոր բրենդինգով, նոր տարածքով, որն ավելի մեծ պրոյեկտ կլիներ»,- պատմում է Արթուրը։

Նրա խոսքով՝ Գյումրիում կամավոր լինելու ընթացքում հասկացել է, որ այս քաղաքում ավելի շատ նման ծրագրերի կարիք կա՝ ի տարբերություն Երևանի, որտեղ բազմաթիվ են նման կենտրոնները։

«Գյումրին երկրորդ քաղաքն ա, բայց երկրորդի նման չի, ավելի շատ ա հետ ընկած, հասկացա, որ էնտեղ կարիքը շատ ա, անապահովները շատ են»,- ասում է Արթուրն ու նշում, որ «ԿԻԴՈ» զարգացման կենտրոնը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, որտեղ երեխաները խաղերի միջոցով տարբեր հմտություններ և գիտելիքներ են ստանում։

«Սա ուղղակի տեղ չի, որտեղ ապահով ա, ուղղակի երեխա պահելու տեղ չի, երեխա զարգացնելու տեղ ա, կրթելու տեղ ա։ Այնպիսի հմտություններ են սովորում, որ իրենց կյանքում պետք կգան, անգամ էթիկայի կանոններ, ինչպես պետք ա վարվել միմյանց հետ, ինչպես բնության մասին հոգ տանել և այլն»։

Կենտրոնին զուգահեռ գործում են մի քանի խմբակներ՝ երգի, պարի, կավագործության:

Արթուրի խոսքով՝ կենտրոնը վճարովի է, սակայն կարիքների գնահատում է կատարվում, և անապահով ընտանիքի դեպքում փորձում են անվճար հաճախելու հնարավորություն ստեղծել։

«Մենք փորձում ենք գտնել սփյուռքից հովանավոր անձ, որը ֆինանսավորելով հնարավորություն ա տալիս, որ այդ երեխան էլ հաճախի»,- բացատրում է հիմնադիրը։

Արթուրը բիզնես գիտելիքներ սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։ Իր գիտելիքներն ու փորձը Հայաստանում կիրառելով ասում է՝ սա դեռ սկիզբն է, քանի որ նախատեսում է, որ առաջիկայում Հայաստանի նաև այլ մարզերում նման կենտրոններ կստեղծվեն։

«Մենք մտածում ենք էս փորձի հիման վրա այլ մարզերում կենտրոններ շատացնենք, կարևոր չի, որ հենց մենք բացենք: Կարող ենք ամեն ինչ գրել՝ քայլ առ քայլ, ու քայլերի այդ հաջորդականությունը, շաբլոնը ունենալով՝ ցանկացած մարդ, ով ուզենա, կկարողանա վերցնի ու անի»,- նշում է նա։

Հայաստանում գործունեություն ծավալելու համար խորհրդատվությամբ և փաստաթղթային հարցերում աջակցություն է տրամադրել Repat Armenia-ն։

Արթուրն ասում է՝ ուրիշ երկրում ապրելուց և պայմաններին սովորելուց հետո Հայաստան տեղափոխվելը կարող է սկզբում անսովոր լինել, դժվարություններ, բնականաբար, կլինեն, թեկուզ միայն լեզվին տիրապետելու առումով, բայց դրանք հաղթահարելի են, եթե ցանկություն ու նպատակ կան։

Արթուրը պատմում է՝ երբ ինքը Հայաստան էր գալիս, ընտանիքի անդամները չեն ողջունել այդ գաղափարը՝ նշելով՝ ինչ է անելու Հայաստանում, քանի որ Ռուսաստանում իրենք ունեին արդեն բավական ապահովված կյանք, կար լավ ապագա ունենալու հնարավորություն, սակայն այժմ նրանք նույնպես մտքափոխվել են, և հնարավոր է՝ առաջիկայում միանան որդուն։

«Իրենք կարծում էին՝ իրենց ստեղծածը ջուրն ա ընկնում, բայց իրականում էդպես չի։

Ժամանակն անցնում ա, ու ասում են՝ դու ճիշտ որոշում ես արել, մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմի հետո ավելի շատ զգացին, որ Հայաստանը ավելի լավ ա»։

Արթուրն ասում է՝ չնայած Հայաստանում ամեն ինչ նոր էր, և զրոյից նոր կյանք է սկսել, սակայն շատ է սիրում Հայաստանը։

Նրան դուր են գալիս և՛ սնունդը, և՛ Երևանի կենտրոնում զբոսանքները, և՛ կարճ ժամանակում Հայաստանի տարբեր մարզեր այցելելը։

«Օրինակ՝ Մոսկվայում քիչ ա ստացվում, որ գնաս կենտրոն, քայլես, հաճույք ստանաս, տարածությունը մեծ ա։ Իսկ Երևանում շատ հաճելի ա՝ կարաս դուրս գաս, ոտքով ման գաս, տեսնես, օրինակ՝ ոնց են երեխաները ֆանտանների [շատրվանների]  հետ խաղում։ 

Մի ժամում կարաս հասնես Սևան, ձմռանը 40 րոպեում գնաս Ծաղկաձոր, դահուկ քշես։ Էստեղի ժողովուրդն էլ ա հասանելի, ուզեցար մի մարդու հետ հանդիպել, կարաս գրես հենց էդ օրը՝ մի ժամ առաջ, ու հանդիպես»,- ասում է Արթուրը։

Հայաստանում շատ սիրելի հանգամանքներին զուգահեռ՝ Արթուրն ասում է՝ երբեմն զարմացնում է մարդկանց մտածողությունը որոշ երևույթների նկատմամբ։ Ըստ նրա՝ հատկապես Երևանից դուրս հանդիպում է ավելի պահպանողական մտածողություն ունեցող անձանց։

«Մարդիկ ավելի կոնսերվատիվ են, օրինակ՝ Գյումրիում աղջիկները չեն նստի մարշրուտկայի դիմացի նստարանին՝ վարորդի կողքին, հետո բոլորը նայելու են, ասեն՝ է՞ս ինչ ա արել: Ես երբեք վատ բան չէի մտածի, ազատ տեղ ա էղել, մարդուն հարմար ա էղել, նստել ա: Կամ՝ տղամարդը մազերը երկարացրել ա կամ ներկել ա, ստեղ կարան էդ պատճառով մարդու մասին կարծիք ձևավորեն, բայց եթե ինքը քեզ չի խանգարում, չի ասում՝ դու էլ սենց արա, նորմալ ա, իրա տեսքն ա, իրա մարմինը, ինչ ուզում ա՝ թող անի»։

Չնայած մտածողության որոշ տարբերություններին, դժվարություններին՝ Արթուրը շատ ուրախ է, որ կարողացել է նման որոշում կայացնել և հայրենիք տեղափոխվել ։ 

Նա համոզված է՝ հայրենիքում յուրաքանչյուր հայի ներդրումը կարող է Հայաստանի լավ ապագայի հիմքը լինել։

«Առաջին հերթին պետք ա վերադառնան, էստեղ ապրեն, եթե չեն գալիս ինչ-որ մասնակցություն ունենան Հայաստանի կյանքում՝ կարևոր չի փողով, թեկուզ իրանց փորձով, գան, կիսվեն իրենց փորձով։ 

Բայց էստեղի հայերն էլ պետք ա բաց լինեն ու ընդունեն էդ փորձը։ Աշխարհում շատ հայտնի մարդիկ ունենք , բայց ոչ ոք չի կանչում, ասում՝ արի համալսարանում մի քանի դաս տուր։ 
Մենք միասին պետք ա տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ենք անում»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am