«Շատ կարևոր է, որ զինված ուժերը գտնվեն քաղաքացիական իշխանության լիակատար վերահսկման, ղեկավարման ու համակարգման ներքո». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

Պարո՛ն Քոչինյան, նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թափուր պաշտոնի մասին, ասել է, որ պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Սա համարում եք բովանդակայի՞ն փոփոխություն, ու որքանո՞վ այն արդյունավետ կլինի:

– Իհարկե, բովանդակային փոփոխություն է, Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրությամբ ՝ զինված ուժերում, ըստ էության, խախտվել էր ուղղահայաց ենթակայության սկզբունքը, ՊՆ-ի ներսում գոյություն ուներ երկու իրարից առանձին կառույց, մեկը պաշտպանության նախարարի ադմինիստրացիան էր, մյուսը՝ գլխավոր շտաբի: Ուղիղ ենթակայությունն այնտեղ ինչ-որ չափով պահպանված էր, բայց շատ հստակ չէր: Նախարարը, ըստ էության, միջնորդ էր վարչապետի ու ԳՇ-ի միջև, ու դա, բնականաբար, ստեղծում էր հավելյալ խնդիրներ զինված ուժերի կառավարման ու կառավարելիության տեսանկյունից, որի գագաթնակետը, ըստ էության, ԳՇ-ի հայտնի հայտարարությունն էր, որը շատերը մեկնաբանեցին որպես պետական հեղաշրջման փորձ:

Այս առումով կատարվելիք փոփոխությունը ճիշտ ու կարևոր եմ գնահատում. այո՛, պետք է շատ հստակ լինի՝ ով որտեղ է, ով ում ենթական է: Շատ կարևոր է, որ զինված ուժերը գտնվեն քաղաքացիական իշխանության լիակատար վերահսկման, ղեկավարման ու համակարգման ներքո:

– Իսկ առաջարկվող այս փոփոխությամբ զինուժը գտնվելու է քաղաքացիական իշխանության վերահսկմա՞ն տակ:

– Այո՛, ու հույս ունեմ, որ այս փոփոխությունից հետո մենք արդեն կունենանք ԳՇ պետի ոչ թե պաշտոնակատար, այլ՝ գլխավոր շտաբի պետ:

– Ձեզ ճի՞շտ հասկացա, որ գործող օրենքով ԳՇ պետը անկախ էր իր որոշումները կայացնելու հարցում, այսինքն՝ պաշտպանության նախարարին չէր ենթարկվում:

– Ոչ թե ամբողջությամբ անկախ է, ուղղակի, ըստ իս,ավելի ուռճացված է ԳՇ պետի դերը, ու այդ աստիճանակարգությունը հստակ չէր, որ ինքը պաշտպանության նախարարի ենթական է: Գործող կարգավորման փիլիսոփայությունն ավելի շատ այն է, որ պաշտպանության նախարարը միջնորդն է ԳՇ պետի ու վարչապետի միջև, այլ ոչ թե ղեկավարը:

– Նոր փոփոխությամբ արդեն կլինի ղեկավա՞րը, պարո՛ն Քոչինյան:

– Այո՛, որովհետև առաջին տեղակալ լինելու հանգամանքը փաստում է նախարարի գերակայությունը:

– Ձեր գնահատմամբ՝ գործող մոդելը որքանո՞վ էր խանգարում բանակի արդյունավետ կառավարմանն ու գործունեությանը:

– Իհարկե, սա կարող էր խանգարել, բայց եթե մենք նպատակը դնում ենք, որ, անկախ բոլոր խանգարող հանգամանքներից , պետք է աշխատանքը արվի, ոչ մի բանն էլ չի կարող խանգարել: Ամեն դեպքում, սա խնդիր էր, որը լուծվում է, ու սա հատկապես խնդիր էր զինված ուժերի կառավարելիության ու քաղաքացիական իշխանությունների ենթակայության տեսանկյունից: Ինչպես ասացի, ամենացցուն օրինակը հենց ԳՇ-ի հայտնի հայտարարությունն էր, ու սա, ըստ էության, նպատակ է հետագայում բացառելու նման հնարավորությունները:

– Մինչ այս էլ կարծիքներ էին հնչում, որ բանակում կատարվող այս ու այլ փոփոխությունները միտված են ոչ թե կառույցը հզորացնելուն, այլ՝ կազմաքանդելուն: Համաձա՞յն եք:

– Իհարկե ո՛չ, որովհետև նման կարծիքները հիմարություն են: Այդպիսի կարծիքները պետք է դիտարկել ընդամենը ցանկացած բարեփոխման, զինված ուժերը կարգի բերելու փորձերի դեմ ուղղված ինչ-որ սադրանքներ:

– Պարո՛ն Քոչինյան, կոնկրետ փոփոխությունը, որ ԳՇ պետ այլևս չի լինելու, այլ լինելու է նախարարի առաջին տեղակալ, էակա՞ն փոփոխություն եք համարում բանակի համար:

– Էական է, թե անէական՝ եկեք չմանրամասնենք, բայց այն կարևոր փոփոխություն է, որն անհրաժեշտ էր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am