ԶՈՒ-ն միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները չեն. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ԳՇ ղեկավարության մի մասը ռազմական հեղաշրջման փորձ է անում, սակայն ԶՈՒ-ն միայն վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության տակ ստորագրած անձինք չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ընդդիմության կողմից վերջին օրերին հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը ողջունում էր ԳՇ-ի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությունը»,-ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ հիմա՝ հետպատերազմյան այս բարդ վիճակում քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը փաստորեն ողջունում է դրանք: «Ակնհայտ է, որ բանակին քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով: Նախքան ԳՇ հայտարարությունը, ընդդիմությունը բանակի գեներալիտետին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը»,-ասաց նա:

Քոչարյանը շեշտեց. « Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները չեն կամ գեներելաների մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար 44 օր իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները: ԳՇ ղեկավարության մի մասը՝ իշխանությունը տապալելու նպատակով, բացահայտ ռազմական հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի»:

Ըստ նրա՝ բանակը հիմա Պաշտպանության նախարարի գլխավորությամբ պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և Զինված ուժերի ռեֆորմներն անսասան իրականացնելու ուղղությամբ: «Իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,-եզրափակեց պատգամավորը: