«Ադրբեջանը նման քայլերով փորձում է հասնել ավելի մեծ նպատակների, որպեսզի Արցախը հայաթափվի». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Դուք նշել եք, որ Արցախի դեմ պատերազմ՝ կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ դա կարող է բերել երրորդ համաշխարհային պատերազմի: Ինչո՞ւ եք կարծում, որ չի լինի լայնամասշտաբ պատերազմ։

– Դա այդպես է, քանի որ Ռուսաստանի խաղաղապահ զորքը կանգնած է Արցախում։ Եվ հարվածը Արցախի դեմ լինելու է հարված իրենց դեմ, իսկ եթե խաղաղապահների դեմ է, ուրեմն Ռուսաստանի դեմ է։

Սա շատ պարզ բանաձև է, աշխարհաքաղաքականության մեջ պետք չէ գիտնական լինել դա հասկանալու համար։ Իսկ եթե այդպես լինի, բնական է, որ այստեղ այդ ամենը հրահրելու է Թուրքիան, մյուս կողմից՝ Իրանի հետ կապված հարցերը… Պատկերացրեք՝ ի՛նչ կարող է տեղի ունենալ։

– Հիմա ընդհանուր առմամբ լարվածություն կա՞։

– Իրավիճակն այս պահին հանգիստ է։

– Պարո՛ն Բաբայան, մյուս կողմից, եթե վստահ եք, որ լայնամասշտաբ գործողություններ չեն լինի, նույն հաջողությամբ այսօր նաև չպիտի կրակեին, չպետք է դիպուկահարի կրակոցից 55-ամյա աշխատող տղամարդը զոհվեր…

– Որոշ մարդկանց համար այս պայքարը դաս չի եղել, մենք, ի՞նչ է, Ադրբեջանի հետ առաջին անգա՞մ ենք շփվում, չե՞նք իմանում՝ ո՛վ է էդ երկրի ղեկավարը, ի՛նչ է ուզում։ Նման սադրանքներով նրանք նվազագույն ռեսուրսներ օգտագործելով՝ փորձում են հասնել առավելագույն արդյունքների։

– Ո՞րն է մարդկանց անվտանգության երաշխիքն այս իրավիճակում։

– Մի՞թե պարզ չէ, մի՞թե ամեն անգամ մենք այդ մասին պետք է խոսենք։ Այո՛, ռուս խաղաղապահներն են կարևորագույն երաշխավորներից մեկը, Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մենք ենք, մեր բանակն է։

– Նշվում է, որ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձում է ավելին ստանալ։

– Ադրբեջանը նման քայլերով փորձում է հասնել ավելի մեծ նպատակների, որպեսզի Արցախը հայաթափվի, իսկ եթե Արցախում հայ չլինի, չեն լինի խաղաղապահները Արցախում, և, ընդհանրապես, կլինի բոլորովին այլ իրավիճակ։ Եվ որևէ մեկը պատրանքներով չի տառապում՝ եթե կորցնենք Արցախը, կորցնելու ենք ամեն ինչ։

Մենք պետք է սա հասկանանք և շատ զգույշ, շատ նրբանկատ լինենք մեր քաղաքականության մեջ, այդ թվում նաև՝ տարբեր սոցիալական հարթակներում։ Թշնամին փորձում է այնպես անել, որ ռուսների հետ մեր եղբայրությունը խարխլվի։

– Այսինքն՝ Հայաստանից և Արցախից անզգույշ հայտարարություննե՞ր են լինում։

– Պետական մակարդակով չի լինում, և դա շատ լավ է։ Բայց մենք տեսնում ենք սոցիալական ցանցերում մի բանակ, կեսն էլ, իհարկե, թուրք են, ադրբեջանցի են ազգությամբ՝ ուղղակի հայկական օգտատերերի անունով, մի մասն էլ հայ են ծագումով, բայց թուրք են էությամբ։ Սա փաստ է, և ամեն ինչ պետք է կոչել իրենց անուններով։ Կարծես թե նստած սպասելիս լինեն մի բանի, որ սկսեն քարկոծել, չես հասկանում ի՛նչ նպատակներով՝ չհասկանալով, որ այդպիսով քարկոծում են հայոց պետականությանը։

– Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի նպատակը Ստեփանակերտին ուղիղ հարված հասցնե՞լն է։

– Չեմ կարծում՝ Ստեփանակերտին հարված հասցնելն է նպատակը, որովհետև սա բոլորովին այլ խնդրի է հանգեցնելու, բայց փորձում է վախի միջոցով ազդել ժողովրդի վրա, որ թողնեն-գնան։ Իսկ մեր հասարակության մեջ մի մասն էլ սկսում է լսել և հավատար տարբեր սադրիչների, որ ինչ ասես գրում էր առաջին րոպեներին, որ զոհեր կան, որ պատերազմ է սկսվել։ Մենք բարոյապես իրավունք չունենք վախենալ և վհատվել, իսկ ով վախենում է, թող գնա ուրիշ տեղ ապրի։

– Կարծում եք՝ լայնամասշտաբ գործողությունների չի ՞վերածվի։

– Այսինքն՝ լայնամասշտաբը հետևյալն է՝ դուք կարծում եք՝ Ադրբեջանն այնքան ապուշ է, որ Ռուսաստանի դեմ դուրս գա կռվի՞։ Ինչ է, եթե հարձակվի Արցախի վրա, սահմանափակվելու է միայն Արցախո՞վ։

– Այսինքն՝ Ադրբեջանը չի՞ սրի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։

– Չեմ կարծում, Ադրբեջանն այդքան ապուշ չէ, որ գնա նման քայլի, բայց, իհարկե, աշխատում է Ռուսաստանի հետ այլ ձևերով, ոչ ուղղակի առճակատվելով։ Ատում են մեզ, ռուսներին, իսկ եթե մի երկիր ատում է և՛ մեզ, և՛ Ռուսաստանը, ուրեմն երկուսին էլ թշնամի է համարում, ուրեմն մենք էլ մեր կողմից պետք է ճիշտ քաղաքականություն վարենք առաջին հերթին հասարակական հատվածում, իմանանք՝ ո՛վ է մեր թշնամին, ո՛վ՝ մեր բարեկամը, եղբայրը։ Եթե հասարակության մի հատվածը չի հասկանում, ադեկվատ չէ, սա մեզ հարված է հասցնում։

Մանե Հարությունյան

MediaLab.am