«Զարմանալի չէ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են դաշնակցականները». Նազենի Ղարիբյան

«Զարմանալի չէ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են դաշնակցականները». Նազենի Ղարիբյան
«Զարմանալի չէ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են դաշնակցականները». Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Զարմանալի չէ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են դաշնակցականները. չէ՞ որ երկար տարիներ այս կուսակցությանն է պատկանել կրթության ոլորտի ղեկավարման մենաշնորհը, եւ եթե չեմ սխալվում՝ հայոց լեզվի, հայոց պատմության դասընթացները համալսարանական կրթության ծրագիր, իսկ հայոց եկեղեցու պատմության դասընթացները՝ դպրոցական կրթական ծրագիր են ներմուծվել հենց նրանց օրոք։ Եւ տեսեք, մեր կրթության ոլորտում, մեր սերունդների մոտ գերիշխող ազգայնականության եւ պահպանողական հայրենասիրության խիստ արտահայտված տրամադրությունները հենց կրթության ոլորտի դաշնակցական քաղաքականության արդյունք են։

Բայց եթե ազգայնականությունն ու պահպանողականությունը, ինչպես նաեւ հայոց լեզվի եւ եկեղեցու վրա շեշտադրումը հստակ արտահայտված պահանջ կարող են լինել սփյուռքում՝ ազգապահպանության մղումով, որի առաքելությունն իր վրա էր վերցրել ՅՀԴ կուսակցությունը, այն այլեւս ազգապահպանության կենսական անհրաժեշտություն չէ Հայաստանի Հանրապետությունում։

Եւ թող ներեն ինձ նրանք, ովքեր մատնանշում են մեր երիտասարդների հայերեն չիմացությունը՝ Նաիրա Զոհրաբյանից մինչեւ վերջին դասախոսն ու հայրենասերը, որովհետեւ անտրամաբանական բան են պնդում. չէ՞ որ այդ հայերեն չիմացող սերունդը կրթություն է ստացել հենց այն համալսարաններում, որտեղ արդեն քանի տարի է հայոց լեզուն պարտադիր առարկա է։ Փոխարենը իմ սերունդը, որ կրթվել է խորհրդային տարիներին, երբ հայերենը չէր դասավանդվում բուհերում, փայլուն հայերեն գիտի…. Ուրեմն ի՞նչ, տեսնո՞ւմ եք, որ որեւէ նշանակություն չունի այդ դասընթացը, մանավանդ որ, ինչպես ես գիտեմ իմ տարիների դասախոսական փորձից՝ այն շատ բուհերում անցկացվում է մատների արանքով, ուսանողների սակավաթիվ ներկայությամբ եւ մեծ պասիվությամբ»: