Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից որևէ մեկը քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին չի կարողացել հավաքել։
Ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) հավաքել է 75 հազար 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32․57 տոկոսը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է) հավաքել է 43 հազար 765 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 18․89 տոկոսը։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը (քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է )հավաքել է 35 հազար 739 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 15․43 տոկոսը։
«Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 26 հազար 236 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 11․32 տոկոսը։ «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22 հազար 431 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 9․68 տոկոսը։Երևան քաղաքում տեղական կառավարման մասին օրենքը սահմանում է՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:
Տվյալ դեպքում, քանի որ նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ուժերից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, գործելու է օրենքով սահմանված մյուս կարգավորումը, ավագանին քաղաքապետ է ընտրելու գաղտնի քվեարկությամբ։
Օրենքի համաձայն՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով: Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:
Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ:
Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց:
Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: