Միջին մասնագիտական կրթական ծրագրով վերջին կուրսում սովորողները տարկետման հնարավորություն կստանան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորողներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տալ տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Սահմանվում է, որ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

Կոստանյանը նշեց. «Կրթության մասին և Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքների կարգավորումների շրջանակներում օրենսդիրը նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը դիտարկել է միևնույն հարթակում ՝ այդ ոլորտում պետության վրա նույնաբնույթ պարտավորություններ դնելով: Սակայն օրենքը չի սահմանել հավասար մոտեցում՝ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների միջև: 

Եթե 19 տարին լրացած և նախնական մասնագիտական կամ արհեստագործական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված է մինչև ուսումնառության ավարտը ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորություն, ապա 19 տարին լրացած և միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար այդ իրավունքը սահմանափակված է»:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը սահմանվում է 6 ամսից մինչև 3 տարի, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրի դեպքում ՝ 2-5 տարի: