Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ:

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, լինելու են նաև այլ որոշումներ:

«Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի:

Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը կարո՞ղ է բանակցություններում նախապայման լինել՝ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: