«Սահմանադրությունը ոտից գլուխ պետք է փոխել»․ Վարդան Այվազյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի համոզմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանում Սահմանադրությունը չի պահպանվում։

«Նախկինները Սահմանադրությունը հարմարեցնում էին իրենց, համապատասխանեցնում էին իրենց հնարավորություններին ու դրանով առաջնորդվում։ Իսկ նորերը ավելի անշնորհք գտնվեցին, չկարողացան փոխել, ավելին՝ Սահմանադրական դատարանի հետ կապված մի քանի աղաղակող փոփոխություններ կատարեցին։ Բնականաբար, և՛ նախկինում, և՛ ներկայում Սահմանադրությունը միշտ էլ կոպտորեն ոտնահարվել է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Այվազյանը։

Նա վկայակոչում է Սահմանադրության 3-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է» ու հավելում․ «Միայն այդ դրույթը բավարար է ասելու, որ Հայաստանում երբեք մարդը բարձրագույն արժեք չի եղել, և Սահմանադրության այս դրույթը երբեք չի իրականացվում»։

Հարցին, թե համաձա՞յն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ», Այվազյանն արձագանքեց․ «Ըստ էության, այդքան սխալ չի ասում, ամեն ինչն էլ ժողովրդի որոշածով է եղել, իսկ ժողովրդի որոշածն էլ չի փայլում իր որակական հատկանիշներով՝ լինի իշխանությունը, լինի Սահմանադրությունը, լինեն մնացած երևույթները։ Ինչքան ժողովրդի փաստացի գիտակցական մակարդակն է, այդքան էլ իշխանությունների որակն է, իզուր չէ, որ ասում են՝ ամեն ազգ արժանի է իր իշխանությանը»։

Նրա խոսքով՝ և՛ ԱՄՆ-ում, և՛ Ֆրանսիայում երկրի Սահմանադրության ճակատագիրը ժողովուրդը չի որոշել, և հիմա էլ ժողովուրդը չի որոշում, ինչի պատճառով էլ այդ երկրների սահմանադրական որակը տարբերվում է, օրինակ՝ Հայաստանից։

«Ժողովրդի կողմից ամեն ինչի, ամեն հարցի որոշելը դեռևս որակի ու ժողովրդավարության նշան չէ։ Ոչ բոլոր երկրներում է ժողովուրդը որոշում Սահմանադրության փոփոխությունների կամ Սահմանադրության ընդունման հարցը, որովհետև դա այնքան բարդ հարց է, և ժողովուրդը իր փաստացի իմացությամբ չի կարող այդ իրավական փաստաթղթից հասկանալ, գլուխ հանել և մի բան էլ որոշել՝ ինչ լինի, ինչ չլինի»,- ընդգծում է Վարդան Այվազյանը։

Սահմանադրությունը և դրա դրույթները, ըստ մասնագետի, նույնիսկ իրավաբանական կրթությամբ մասնագետների համար է բարդ, և շարքային քաղաքացու համար բարդ կլինի խորանալ Մայր օրենքի մեջ ու ըմբռնել դրա պահանջները։

«Մարդիկ այդքան խորությամբ չեն հասկանում, և ժողովուրդը պարտավոր էլ չէ իմանալ։ Սահմանադրությունը խորությամբ նույնիսկ իրավաբանական կրթությամբ քաղաքացիները չեն հասկանում։ Սահմանադրությունն ամենևին էլ ժողովրդի գիտելիքի առարկան չէ, որ որոշի՝ ինչպիսին պետք է այն լինի։ Կուսակցությունները ևս չպետք է որոշեն, որովհետև նրանք ունեն իրենց նեղ խմբային շահերը և հանդես են գալու դրանցից ելնելով։ Իսկ Սահմանադրությունը օբյեկտիվ ճշմարտությունը արտացոլող փաստաթուղթ է, և դա պետք է որոշեն միայն ակադեմիական ազատություն ունեցող գիտնականները»,- ասում է սահմանադրական իրավունքի մասնագետը։

Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, ըստ Այվազյանի, պետք է փոխել։

«Սահմանադրությունը ոտից գլուխ պետք է փոխել, լրիվ նոր Սահմանադրության կարիք ունենք»,- ասում է նա։

Այվազյանը, սակայն, դժվարանում է մատնանշել, թե Սահմանադրության մեջ մասնավորապես ի՞նչը, ո՞ր դրույթն է անհրաժեշտ փոխել։ «Ամեն ինչը, ոտից գլուխ։ Հիմա որ փորձեմ հիմնավորել, թե ինչն է պետք փոխել, 600 էջանոց գիրք կլինի։ Ամեն ինչը՝ ներածությունից սկսած պետք է փոխվի»,- նշում է նա։

Սակայն մասնագետի համար հարց է՝ ո՞վ պետք է աշխատի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վրա․

«Եթե պետք է գրեն այն մարդիկ, ովքեր նախկինում են գրել, կամ եթե պետք է գրեն այն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ սահմանադրական հանձնաժողովում էին աշխատում, ուրեմն իմացեք՝ անհամեմատ ավելի վատը կլիներ»։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am