«Պետք է որոշում ունենամ, չէ՞, որ հա կամ կիսահա ասեմ». Մամիկոն Ասլանյանը դեռ չի կողմնորոշվել

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր արդեն ազատել է աշխատասենյակը, սակայն չի որոշել՝ կմասնակցի՞ դեկտեմբերի 5-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին, թե՞ ոչ: «Դեռ չեմ որոշել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 12-ին Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը: 

ՏԻՄ ընտրությունները Վանաձորում տեղի կունենան դեկտեմբերի 5-ին: Վանաձորի քաղաքապետի ու ավագանու լիազորությունների ժամկետը լրացել էր հոկտեմբերի 10-ին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել էր, որ Վանաձորի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատարի հետ ունեն պայմանավորվածություն, որ վերջինը չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:

Քաղաքապետի պաշտոնից ազատված Մամիկոն Ասլանյանի համար այս հայտարարությունը նախանշան է՝ «Ընտրությունները կանցնեն ազատ, մրցակցային պայմաններում»:

Իր ազատման մասին որոշման հիմքերում էլ Ասլանյանը ազնիվ նպատակներ է տեսնում. «Հակված եմ այն մտքին, որ նպատակ է դրվել ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրություններ տեղի ունենան, և գործող քաղաքապետը չշարունակեց պաշտոնավարել, որպեսզի հետագայում շահարկումներ չլինեն»: 

Քաղաքական ապագա ծրագրերի մասին Ասլանյանը լռում է, թեպետ նախկինում իր հարցազրույցներում չէր թաքցրել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկությունը: Այդուհանդերձ, առայժմ չի կողմնորոշվել՝ կմասնակցի՞ արդյոք Վանաձորի ավագանու (քաղաքապետի) ընտրություններին, թե՞ ոչ և եթե մասնակցելու է՝ ի՞նչ ձևաչափով: Առայժմ գաղտնիքներ չի բացահայտում:

Հարցին, թե հնարավո՞ր է իշխող ուժի հետ մասնակցի ընտրություններին, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Չեմ որոշել: Եթե մի բան չեմ որոշել, ինչպե՞ս ասեմ՝ հնարավոր է կամ հնարավոր չէ»: 

Փորձեցինք հստակեցնել՝ գուցե մտադիր է քայլ անել հարազատ Հանրապետական կուսակցության հետ, սակայն պատասխանը նույնն էր. «Եթե որոշում չունեմ, ո՞նց նման հարցերին պատասխանեմ: Պետք է որոշում ունենամ, չէ՞, որ հա կամ կիսահա ասեմ»:

Այս ամառ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ի դեպ, նա չսատարեց հարազատ Հանրապետականին, որը մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում:

«Որոշել եմ, որ քարոզչությամբ չեմ զբաղվելու: Պահում եմ նեյտրալիտետ: Այդպես եմ հարմար գտել»,- «Մեդիալաբին» ասել էր Ասլանյանը: 

Դիտարկմանը, թե նրա կցկտուր խոսքերից, այդուհանդերձ, զգացվում է, որ կմասնակցի ընտրություններին և հույս ունի վերադառնալ, Ասլանյանն արձագանքեց. 

«Հույսը, հավատը և սերը քաղաքական կատեգորիաներ չեն, մարդկային կատեգորիաներ են: Մնացածը հաշվարկներ են, ձայներ են, քվեներ են, ժողովրդի վստահությունն է»:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ կմասնակցի այն դեպքում, երբ տեսնի՝ իր պահանջարկը կա, արձագանքեց՝ այո՛, այո՛, այո:

Նկատենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս դեռ պաշտոնապես չի հայտարարել՝ ում է առաջադրելու, և ով է ղեկավարելու առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններում նրանց համամասնական ցուցակը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am