«Ինչի ես տակից որևէ կուսակցության աջակցող մա՞րդ եմ». Վանաձորի քաղաքապետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը

– Պարո՛ն Ասլանյան, երեկ համացանցում մի լուսանկար էր տարածվում, և պնդում էր արվում, թե դուք գիշերն այցելել եք Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ: Կասեք՝ արդյոք եղե՞լ եք այնտեղ և ի՞նչ եք արել:

– Հա, ես էլ զարմացա, որ տարածում էին էդ լուսանկարը ու գրում, թե ես եղել եմ այդ դաշինքի շտաբում: Այ ձեր ցավը տանեմ, էդ լուսանկարում ես անգամ չկամ, ո՞նց են նման բան գրում, տարածում: Բացի այդ, դա քաղաքի այն մասն է, որտեղ ես կարամ միշտ լինեմ, կարող է մի պահ երևացել եմ կամ, չգիտեմ՝ մեր տղաներից են երևացել: Բայց ես շտաբ գնամ, ցուցակ-մուցակ՝ չգիտեմ:

Դա անհեթեթություն է, էլի: Այդ լուսանկարում ես չկամ:

– Տակից կամ կուլիսներում որևէ ուժի չե՞ք աջակցում:

– Տակիցը ո՞րն է, ինչի ես տակից որևէ կուսակցության աջակցո՞ղ մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ պետք է անի Վանաձորի քաղաքապետը:

– Իսկ ի՞նչ եք անում:

– Իմ գործառույթները՝ ընտրությունների կազմակերպում, տեղամասերի կահավորում և այլն, և այլն: Ոչ արձակուրդ եմ վերցրել, ոչ էլ բան, հետևաբար քարոզչությամբ չեմ զբաղվում, ոչ էլ որևէ գործունեությամբ եմ զբաղվում, որը կարող է դիտվել քաղաքական: Ես կատարում եմ Վանաձորի քաղաքապետի իմ ֆունկցիաները:

– Բայց դուք Հանրապետական կուսակցության անդամ եք, որը «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցում է ընտրություններին:

– Իհարկե Հանրապետականի անդամ եմ, որը քարոզչությամբ չի զբաղվում: Բոլոր կուսակցականները այսօր քարոզչությամբ են զբաղված, բայց ես զբաղված չեմ:

– Ինչպե՞ս է այդպես ստացվում:

– Ես այդպես եմ որոշել: Որոշել եմ, որ քարոզչությամբ չեմ զբաղվելու: Պահում եմ նեյտրալիտետ: Այդպես եմ հարմար գտել:

– Մարզպետի կամ իշխող ուժի կողմի՞ց է նման ճնշում եղել:

– Ոչ մի ցուցում, ոչ մի հորդոր չի եղել: Ուղղակի ես համարել եմ, որ վանաձորցիների քաղաքապետն եմ ու պիտի ինձ պահեմ բոլոր վանաձորցիների քաղաքապետի պես:

– Իսկ ձեր կուսակցական ընկերները չե՞ն նեղվի այդ փաստից, որ դուք նրանց չեք աջակցում քաղաքական վճռական պահին:

– Իմ ընկերները բոլորն ինձ վերաբերվում են ջերմ, ընկերական զգացմունքներով, հետևաբար, ես որևէ մեկին որևէ վիրավորական բան չեմ անում, որ ինձանից վիրավորվեն:

– Դուք՝ որպես քաղաքապետ, ինչպե՞ս եք երաշխավորելու ընտրությունների անխոչընդոտ անցկացումը:

– Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ընտրական օրենսգրքի ու «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի սահմաններում լավ ընտրություններ անցկացվեն: Նախ՝ պետք է կանոնակարգենք պաստառներ փակցնելու աշխատանքները, որ լինեն կենտրոնացված, որ բոլոր շենքերին լուսանկարներ չփակցնեն, հետո թողնեն գնան, ու շենքերի պատերը տենց կեղտոտ մնան: Պետք է կարողանանք շտաբները, տեղամասերը այնպիսի վայրերում տեղակայել, որ Ընտրական օրենսգրքի խախտում չդիտվի:

Մեր քաղաքացիներին, ինչքան հնարավոր է, պետք է իրազեկենք, որ պահպանեն օրենսդրությունը, որ ընտրական գործընթացը քաոսի չվերածվի:

– Նաև մտավախություններ կան, որ վարչական ռեսուրս կարող է կիրառվել ՏԻՄ ղեկավարների կողմից: Ձեր ղեկավարած քաղաքի մասով ի՞նչ կասեք:

– Ես ինքս չեմ կիրառել, չեմ թողնելու, որ ուրիշներն էլ կիրառեն: Ես կարծում եմ, որ մեր գիտակից քաղաքացիները իրենց կամքով ընտրությունների կգնան ու կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab