«Առանց կաշառքի ի´նչ ընտրություն». Վանաձորում ընտրություններին ընդառաջ մարդիկ ասում են, որ հավատալու տեղ չի մնացել

«Առանց կաշառքի ի´նչ ընտրություն». Վանաձորում ընտրություններին ընդառաջ մարդիկ ասում են, որ հավատալու տեղ չի մնացել
«Առանց կաշառքի ի´նչ ընտրություն». Վանաձորում ընտրություններին ընդառաջ մարդիկ ասում են, որ հավատալու տեղ չի մնացել

52-ամյա Սեյրան Դավթյանի համար սպասվող ընտրությունները լավ կյանքի հույս չեն ներշնչում: Նա ասում է, որ արդեն 14 տարի է` ինչ իր հինգ հոգանոց ընտանիքի հույսը Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում վերևից ներքև համաչափ ձգվող տախտակների վրա շարված տարատեսակ մրգերի առևտուրն է, որ չի «արդարացնում»:

«Հազիվ հացի փող ենք առնում, օր ա լինում, որ էդ էլ չի լինում: Էս սառնամանիքին ոտքերս, ձեռքերս սառեցնելով կանգնում եմ, որ մի երկու կոպեկ փող աշխատեմ, հազար տեսակ հիվանդության տեր ենք դառնում»,- բողոքում է Դավթյանը:

Նա որոշակի սպասումներ չունի սպասվելիք ընտրություններից, համոզված է, որ հասարակ ժողովրդի կյանքում առանձնապես փոփոխություններ չեն լինի:

«Մարդիկ, կարիքից դրդված, կընտրեն նրան, ով ավելի շատ փող կառաջարկի,- ասում է Դավթյանը: – Առանց կաշառքի ի´նչ ընտրություն: Ժողովուրդն էն վիճակում չի, որ էդ փողի կարիքը չզգա: Ստիպված վերցնում են»:

Թեև Վանաձորի փողոցներում առօրյա խոսակցությունների մեջ կարելի է լսել ընտրություններ, վստահված անձ, ընտրախախտումներ բառերը ու թե ով ում կողմնակիցն է, այնուամենայնիվ, մարդկանց մտահոգում է այլ բան: Վանաձորցին մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ մեծ մասամբ հույսեր չի կապում: Առօրյա խնդիրների բեռի ծանրությունից շատերը կորցրել են ոչ միայն հույսը, այլև մռայլ տրամադրություններ ունեն:

«Ոչ մի հույս չունեմ ընտրություններից: Մեր կյանքի որակն էլ չի բարձրանա դրանից հետո: Որ խանութը մտնում ես, փոշմանած դուրս ես գալիս, ամեն ինչ էնքան ա թանկացել»,- ասում է պանրավաճառ Մարիետա Ոսկանյանը, ում միակ հույսը ՌԴ-ում աշխատող ամուսինն ու երկու որդիներն են:

«Որ նրանք էլ չգնային, էնտեղ չաշխատեին, սովից կմեռնեինք: Պանիր վաճառելով` չես ապրի, առնող էլ չկա, ժողովուրդն ինչ անի»,- ասում է տիկին Մարիետան:

Անցյալ տարեվերջին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» ուսումնասիրության համաձայն` աղքատ է Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ, կամ 35,8%-ը աղքատ է։

Ուսումնասիրությունն արտացոլում է 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածը, այսինքն` նախորդ ընտրություններին հաջորդած ժամանակահատվածը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների` 2008-2010 թվականներին Հայաստանում աղքատության շեմին է հասել 270.000 մարդ` ընդհանուր առմամբ աղքատների թիվը հասցնելով մոտ 1,2 միլիոն մարդու:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ աղքատության առկայությունը խոսում է պետության հիվանդ լինելու մասին: Ըստ իրավապաշտպանի` աղքատության ցուցանիշներն առնվազն երկու անգամ բարձր են ներկայացված պաշտոնականից և հասնում են մինչև 60 տոկոսի:

Ըստ նրա` աղքատ մարդու սոցիալական պահվածքը կառավարելի է, ինչն առավել ցայտուն դրսևորվում է ընտրությունների ժամանակ:

«Աղքատն իր կենսական միջոցների անբավարար լինելու պատճառով շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկվում: Առաջարկված 5000, 10.000 դրամն էլ իսկապես հենց այդ պահին անհրաժեշտ է նրան,- բացատրում է Սաքունցը,- և դա շատ դեպքերում նման է պլանավորված քաղաքականության, որ մշտապես ունենանք աղքատ զանգված, ում միշտ կարելի է կառավարել ոչ միայն ընտրությունների ժամանակ` որպես քվեների աղբյուրի, այլ նաև որպես ուղղորդված հանցագործությունների մեջ ներգրավելու միջոց»:

Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնում այս տարվա փետրվարի 1-ի տվյալներով` Լոռու մարզում հաշվառված է 11.511 աշխատանք փնտրող, մարզի կտրվածքով կենտրոնում որպես գործազուրկ հաշվառված է 10.164 մարդ, սակայն պաշտոնական թվերն այս ոլորտում չեն արտացոլում իրական պատկերը:

«Աշխատանք չկա, թթվասերը, գարեջուրը, մածունը, ալյուրը, այլ ապրանքներ թանկացել են: Առաջ մարդիկ կային, որ գալիս էին օրական չորս հատ հաց էին առնում, հիմա չեն էլ գալիս, փող չկա, ժողովուրդը սոված ա»,- ասում է Վանաձորի մթերքի խանութներից մեկի վաճառողը:

Ըստ վիճակագրության, միայն անցյալ տարի Հայաստանում պարենային մթերքների գնաճը կազմել է 6,1, իսկ ոչ պարենայինը ապրանքներինը՝ 4,3 տոկոս: Սակայն իրականում այն անհամեմատ նկատելի է:

«1000 դրամ թոշակն ավելացնում են, ուրախանում ենք, հետո մտնում ենք խանութ` ապրանքների գները թանկացած տեսնում…- բողոքում է Մարիետա Ոսկանյանը: -Լավատես եմ եղել մինչ օրս, բայց արդեն զգում եմ, որ ինքս եմ խաբված: Ընտրություններին խոստանում են` լավ կլինի, ընտրվելուց հետո էլ միայն իրենց շահի մասին մտածում: Էլ ինչի՞ն հավատանք: Էլ տեղ չի մնացել»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am