Թշնամին եկել, տեղակայվել է Որոտանում. գյուղի 12 տուն անցնում է ադրբեջանական վերահսկողությանը, մարդիկ տարհանվել են. Առուշ Առուշանյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը

– Պարո՛ն Առուշանյան, այսօր տեղեկություն եղավ, որ ադրբեջանական կողմը Գորիս խոշորացված համայնքի կազմում գտնվող Որոտան գյուղի սկզբնամասում «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ է փակցրել։ Այսինքն՝ թշնամին արդեն Որոտանում տարածքնե՞ր է տնօրինում։

– Միայն ցուցանակը չէ, 12 տուն էլ Որոտանում անցնում է ադրբեջանական վերահսկողությանը։ Այսօր արդեն թշնամին եկել է, տեղակայվել է Որոտանում։ Գյուղին կպած 12 տան մասին է խոսքը։

– Բնակիչները տարհանվե՞լ են արդեն։

– Այո՛։ Բայց տան հարցի լուծումն այս ամբողջ պատմության մեջ ամենասովորական ու ամենաարագ լուծվող խնդիրն է։ Ուրիշ բան էլ եթե չլինի, մեր Գորիսում այնքան թասիբով մարդ կա, սաղս փող կդնենք, հենց վաղն էլ բոլորի համար տուն կգնենք։ Հարցն այսօր այն է, որ մեր պատմական հայրենիքը հանձնվել է թշնամուն։

– Ինչպե՞ս եք պատկերացնում հետագան՝ հաշվի առնելով այն, որ մարզի որոշ համայնքներ կա՛մ շատ մոտ են ադրբեջանական սահմանին, կա՛մ մասամբ անցնում են ադրբեջանական վերահսկողությանը։

– Այո՛, Որոտանի մի մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նիկոլը տվել է թուրքին։ Բանավոր փոխըմբռնմամբ է եղել, երևի Ալիևի ծննդյան օրը՝ մի քանի օր առաջ, երբ մեզ ձերբակալել էր, նվեր է տվել։ Իրեն պետք է հարցնենք՝ էլ ի՞նչ պետք է տա։

– Որոտանում սահմանազատման աշխատանքներն ավարտվե՞լ են։

– Չէ, գիտե՞նք, թե ով է սահմանը գծողը, որ իմանանք՝ ինչ աշխատանք է արվում։ Ինչ վերաբերում է մարդկանց անվտանգության հարցին, սահմանապահները գյուղի ճանապարհին կանգնած են, գյուղացին իր անվտանգությունն ապահովում է։

– Իսկ ռուս խաղաղապահներ կա՞ն գյուղի տարածքում։

– Ճանապարհի վրա կան։ Նոր այնտեղից եկած մարդիկ ասում են՝ մեկ ռուս կար։ Ռուսների վրա մենք կարող ենք հույս դնել, այո՛, ռուսը մեր բարեկամն է, դրանում երկրորդ կարծիք չկա։ Մենք բարեկամություն ենք արել, անում ենք ու միշտ էլ անելու ենք։ Պետք է մեր միջի թուրքերին հանել աշխատանքից, որ գան ազգասեր մարդիկ ու աշխատեն։

– Հայտնի է, որ Շուռնուխ գյուղից ևս տարածքներ են անցնելու ադրբեջանական կողմին։ Ի՞նչ իրավիճակ է Շուռնուխում։

– Նույն իրավիճակն էլ Շուռնուխում է, ի՞նչ տարբերություն։ Մենք արդեն հարմարվել ենք այն մտքի հետ, որ Խնձորեսկը մեր լեքսիկոնից հանենք։ Խնձորեսկ գյուղից մի քանի հարյուր մետրի վրա թշնամին կանգնած է, գյուղի տներն են, թշնամին այնտեղ է։ Միջինից բարձր խոսում են, լսում են իրար, թշնամին խոսում է՝ մենք ենք լսում, մենք ենք խոսում՝ իրենք են լսում։

Իսկ Որոտանում թշնամին 2 մետրի վրա է հեռու, տներն իրար կպած են։ Նույնը Շուռնուխում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանների ճշտման այս աշխատանքներով բարձրացվում է Սյունիքի անվտանգությունը։ Մարզի նախկին տարածքները սրա՞նք են եղել։

– Ես չակերտներով վարչապետին խորհուրդ կտամ, որ ինքը գնա հոգեբուժարան, գուցե հիշի, թե ինչ է եղել։ Ինձ թվում է՝ ինքը չի հիշում, որ պատերազմ է եղել։ Սա ինչո՞վ է բարձրացնում Սյունիքի անվտանգությունը, որ մի մետրի վրա թշնամին կանգնա՞ծ է։

Նույն Որոտանից առաջ 26 կմ հատված Որոտանի ջոկատն ու Քարահունջի տղաները պահել էին, այդքան անվտանգության գոտի էին ստեղծել։

Տղաները կամավոր սահմանին կանգնած էին, իսկ դու ի՞նչ արեցիր, ա՛յ հայ ազգի դավաճան, բանավոր խոսքովդ տվի՞ր։ Մի հատ էլ ասում է՝ անվտանգության գոտի ենք ստեղծում։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am