ԱՀ ԱՆ-ն՝ Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով վիրավորվածների վիճակի մասին

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում: Մյուս 2 վիրավորվածների Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։

Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։