«Այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախորդներից, մեր երկիրը պետք է թաղվի կեղծիքի, ստի և այլանդակության մեջ». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Այսօր Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների երեք թեկնածուներին էլ ընտրեց ՍԴ դատավոր: Մինչ այդ մամուլը գրում էր, որ ամենաընդունելի թեկնածուն կլինի Էդգար Շաթիրյանը, իսկ մյուս երկուսը ընտրվելու քիչ շանս ունեն, քանի որ Արթուր Վաղարշյանն արդեն մեկ անգամ առաջադրվել ու ԱԺ-ի հավանությանը չի արժանացել, իսկ Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ էլ բավականին ոչ դրական բացահայտումներ կային՝ կախված նախկին իշխանությունների կամակատար լինելու հետ: Այս քվեարկությունն ի՞նչ ցույց տվեց:

– Մինչև քվեարկությունը, երբ թեկնածուները պատասխանում էին պատգամավորների հարցերին, մասնավորապես Երվանդ Խունդկարյանի հետ կապված, արդեն պարզ էր, որ քվեարկելու են նրա օգտին: 

Ես նույնիսկ դրա վերաբերյալ երեկ գրառում էի արել Ֆեյսբուքում: Շատ զգույշ ու անվնաս հարցեր էին ուղղում Խունդկարյանին, զգացվում էր բարեհաճ վերաբերմունքը: Ռուբեն Ռուբինյանի ելույթը, թե իրենք խամաճիկներ չեն ընտրում, ամբողջությամբ հերքվում է այսօրվա քվեարկությամբ: 

Ուղղակի ագրեսիայի նոր ձև էր ընտրել և ագրեսիվ տոնով էր խոսում Ռուբինյանը: Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու դատաիրավական բարեփոխումները տեղի չէին ունենում: 

Փաստորեն «Իմ քայլը» և իշխող կուսակցությունը ամրապնդեցին և վերահաստատեցին նախկին իշխանության դիրքերը: 

Սա հուսահատեցնող է, հիասթափեցնող ու անտանելի է, երբ քաղաքական պատվեր կատարած, «Ա1+»-ը փակած Խունդկարյանը, որը Քոչարյանի քաղաքական պատվերներն է կատարել, այդ իշխանությունը նրան ընտրում է: 

Ես հիմա արդեն համոզված եմ, որ հետագայում նրան են դնելու ՍԴ նախագահ: Ուզում եմ ասել, որ այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախորդներից: Մեր երկիրը պետք է թաղվի կեղծիքի, ստի և այլանդակության մեջ:

– Ինչո՞ւ եք վստահ, որ Խունդկարյանին կընտրեն ՍԴ նախագահ: 

– Որովհետև նա այդ մեսիջով է եկել: Իմ աղբյուրներն էլ դատական համակարգում այդ մասին էին խոսում, որ ի սկզբանե նրան այդ պայմանով են տանում Սահմանադրական դատարան: Թեկուզ չընտրեն, բայց միայն այն, որ նա Քոչարյանի քաղաքական պատվերները կատարած անձն է, և երեկվա ճղճիմ հարցերի պատասխանները, որ ամեն գնով պաշտպանում էր ինքն իրեն: 

Այդ մարդը որևէ բարոյական պատասխանատվություն չուներ: Նրան վստահեցրել էին, որ ամեն գնով անցնելու է, դրա համար էլ իրեն լավ էր զգում: Մյուսների մասին անգամ չեմ էլ ուզում խոսել, առանց խոսելու էլ ամեն ինչ պարզ է: 

Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ ժողովուրդն իրենից հեռանա, մեկուսանա: Նրանք, ըստ էության, ներդաշնակ են դարձնում իրավիճակը համաճարակի հետ: 

Այլևս ոչ մի հույս հնարավոր չէ կապել դատական համակարգի հետ: Ոչ միայն ՍԴ-ի, այլ ընդհանրապես դատական համակարգի: Սա է նրանց ճաշակն ու ընտրությունը: 

Մեր արժեքները բարձր էին, և մենք փորձում էինք նրանց տեղավորել այդ արժեքների տեսադաշտում: 

– Դուք վստա՞հ էիք, որ երեքն էլ կընտրվեն ՍԴ դատավոր:

– Ես մտածում էի, որ իրենք իրենց կոմբինացիաների, մտահղացումների մեջ կարող է մեկին չանցկացնեն, և այդ մեկը կարող էր լինել ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանը, որովհետև արդարադատության նախարարը, այսպես ասած, «դոշ էր տվել» Շաթիրյանի համար: 

Ես մտածում էի, որ եթե կա Խունդկարյանը, մյուս երկուսը չարյաց փոքրագույնն են: Արման Մկրտումյանի հետ աշխատած, Քոչարյանի հետ աշխատած մարդը դառնում է ՍԴ դատավոր, իսկ Մկրտումյանը, գիտեք, թե ինչ կոռումպացված էր: Սա այսօրվա իշխանության դեմքն է:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունը «Իմ քայլի» գլխավորությամբ փաստացի ոչ թե ՍԴ խնդիրը լուծեց, այլ հարմարեցրեց իրեն:

– Այո՛, միայն այդպես: Հիմա «Իմ քայլը» ինչո՞վ է տարբերվում է ՀՀԿ-ից: Հռետորական հարց է, կարծիք ունեցող մարդ չկա այդ կուսակցությունում: Այդքան արտառոց դեպքեր են տեղի ունենում, մարդ են ծեծում, սպանում, լսե՞լ եք իրենց խոսքը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am