«Վարչապետի հրաժարականի պահանջը պայմանավորված է կապանցիների անվտանգության ապահովմամբ, սահմանային լուրջ խնդիրների լուծումները չեմ տեսնում». Գևորգ Փարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը

Պարո՛ն Փարսյան, դուք և Մեղրիի համայնքապետը հանդես եք եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Կմանրամասնե՞ք, թե ինչու եք պնդում, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

– Մենք ընդհանուր առմամբ մեր հայտարարությունում ներկայացրել ենք մեր տեսակետը պահանջվող հրաժարականի վերաբերյալ։ Բայց ես ավելի կոնկրետացնեմ Կապանի հետ կապված։ Բնականաբար, հրաժարականի պահանջը հիմա պայմանավորված է մեր կապանցիների անվտանգության ապահովման հարցով։ Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք սահմանային լուրջ խնդիրներ, ես նրանց կողմից չեմ տեսնում լուծումները։ Ընդհակառակը՝ ես ամեն օր զգում եմ, որ հակառակ պրոցես է գնում։

– Այսինքն՝ վտանգ կա, որ տարածքնե՞ր կարող են զիջվել Ադրբեջանին։

– Այսինքն՝ հնարավոր է վաղը չէ մյուս օրը մենք անակնկալի գանք այնքանով, որ, ենթադրենք, թուրքը գա ու ԽՍՀՄ սահմաններով կանգնի, ինչը շատ մեծ ռիսկ է պարունակում մեզ համար, շատ վտանգավոր է։

– Այսինքն՝ նպատակն այն է, որ թույլ չտալ, որպեսզի ԽՍՀՄ սահմաններո՞վ լինի դիրքավորումը։

– Այո՛, դա է նպատակը։ Եթե այդպես լինի, դուք չեք պատկերացնում, թե ինչ խայտառակ վիճակ է լինելու այստեղ։ Այդ դեպքում կմոտենան Կապան քաղաքին, արդեն լուրջ վտանգներ կստեղծվեն։ Էլ չեմ խոսում գյուղերի անվտանգության մասին։

Իշխանությունների կողմից համայնքների ղեկավարների վրա ճնշումներ կա՞ն այս փուլում։

– Ո՛չ, նման ճնշումներ չկան։ Հակառակը՝ իշխանության վրա պետք է ճնշումներ լինեն։

– Կապանի բնակիչների մոտ ի՞նչ տրամադրություններ են։ Բնակիչները կմիանա՞ն հրաժարականի պահանջին։

– Մարդիկ անհանգստացած են։ Ում հետ ես շփվում եմ, նրանք հրաժարականի հարցով համակարծիք են։

– Դուք ի՞նչ եք կարծում՝ նոր ղեկավար, նոր բանակցող ունենալու դեպքում հնարավո՞ր է Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթում ինչ-որ բան փոխել։

– Կնքված համաձայնագրի բոլոր կետերը պահպանվում են։ Ես նորից եմ շեշտում՝ ըստ այդ համաձայնագրի առաջին կետի՝ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են։

Մենք կանգնել ենք ԽՍՀՄ սահմանված սահմաններից կիլոմետրերով առաջ՝ ապահովելով Կապան քաղաքի և գյուղերի բնակչության անվտանգությունը։

Հիմա խնդիրն այն է, որ բանակցային պրոցեսի ընթացքում պետք է ապահովվի մեր բնակչության անվտանգությունը։ Սա է իմ և գիտակից մարդկանց գլխավոր նպատակը։

– Եթե դուք անհանգստացած ձայն եք բարձրացնում, նշանակում է վտանգը առկա՞ է։ Ադրբեջանական կողմից շա՞րժ եք նկատում։

– Այդ շարժերն ամեն օր կան։ Ճիշտ է, նրանք մեզ չեն մոտենում, բայց անընդհատ շարժեր ու գործողություններ կան։ Մարզի տարբեր համայնքների ուղղությամբ կա այդ վտանգը։ Պարզապես այսօրվա դրությամբ մենք հնարավորինս հեռու ենք պահում այդ վտանգը Կապանից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am