Պետք է ռադիկալ կերպով փոխենք մեր արտաքին քաղաքականությունը, որպեսզի Արևմուտքից ստանանք ռադիկալ մեխանիզմներ. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ի՞նչ ակնկալել այդ հեռախոսազրույցներից, ստեղծված իրավիճակում փոփոխություն կտեսնե՞նք։

– Շատ դժվար ու ֆունդամենտալ հարց եք տալիս, փորձեմ հեռվից գալ ու պատասխանել․ պետք է սկսենք այն փաստից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այսօր փաստացի գնում է ամերիկյան մոդերացիայի տակ։ Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Մոսկվան որևէ լուրջ առաջարկներ մեզ այսօր չեն ներկայացնում, երկուսն էլ ձգտում են այդ մոդերացիային, բայց որևէ հստակ բան չեն առաջարկում։ 

Շառլ Միշելի համար այս ամենում հետաքրքիր է պրոցեսը, բայց ոչ արդյունքը, Բրյուսելն այսօր բոլորովին էլ արդյունքի չի ձգտում, ցավոք սրտի, սա էլ է փաստ, և այստեղ մեր դիվանագիտությունը փորձում է պրոցեսի մեջ եվրոպական ուղղությանը զուգահեռ ներքաշել Ֆրանսիային ու որոշակի չափով Գերմանիային, որպեսզի դա հավասարակշռվի, որովհետև եվրոպական հարթակն ու անձամբ Շառլ Միշելը որևէ հետաքրքրություն այդ ուղղությամբ չեն ցուցաբերում։ 

Ռուսաստանը միայն ցանկանում է ամեն ինչ վերցնել իր վրա, բայց որևէ ելք չի առաջարկում։ Այդ ֆոնին ամերիկյան համանախագահողը՝ Բոնոն, իր վերջին այցի ժամանակ Երևան ու Բաքու բերել է ամերիկյան լուծման տեսլականը, նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի քարտեզ է բերել, որով ամերիկյան կողմն առաջարկում է գծել սահմանները։ 

Այդ քարտեզին, որքան ես եմ հասկանում, Երևանը տվել է իր համաձայնությունը, այդ քարտեզում չկան անկլավներ, չկա «Զանգեզուրի միջանցք», ու հիմնականում, դե ֆակտո գոյություն ունեցող քարտեզն է։ 

Այս ամենի համատեքստում, ես պարադոքսալ բան եմ ասում, բայց ինչքան ես եմ հասկանում, Ադրբեջանը հայտնվել է փակուղային վիճակում, երբ պետք է փորձի ինչ-որ կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա։ 

Մենք տեսանք, որ լայնածավալ ագրեսիայի հնարավորություն Ադրբեջանը չունի, մաքսիմումն այն է, ինչ տեղի է ունեցել Տեղ գյուղի մոտ, մնում է Արցախը։ Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախն օգտագործի որպես շանտաժի գործիք Հայաստանի դեմ, չստացվեց։ 

Առաջին իսկ օրվանից, երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի չարաբաստիկ թուղթը, Ադրբեջանն անընդհատ սպառնում էր, որ Լաչինի միջանցքում դնելու է անցակետ այն դեպքում, եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը»։ 

Հայաստանը դրան կտրականապես դեմ է, ասեմ ավելին, որ ԱՄՆ-ի դիրքորոշմամբ կարող է լինել ճանապարհ, նրանք առաջարկում են Հայաստանի տարածքով ճանապարհ, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանի մնացած մասի հետ, բայց այդ ճանապարհը անցնելու է մոտավորապես Սիսիանի շրջանով, այսինքն՝ ոչ թե Մեղրիով՝ հայ-իրանական սահմանի երկայնքով, ինչպես Ալիևն է գծում կամ Պուտինը, ու Հայաստանը դրան էլ է իր համաձայնությունը տվել, Ադրբեջանը՝ իհարկե ոչ։ 

Ալիևն օգտագործում է իր վերջին հնարավորությունները՝ ճնշման ու Արցախի հարցը լուծելու համար, ինչպես ինքն է պատկերացնում։ Թե ի՛նչ կլինի այդ հեռախոսազանգերից հետո, դժվարանում եմ ասել, բայց հույս ունեմ, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվելու, որովհետև այս դիրքերից ցանկացած նահանջ հղի է մեզ համար նոր վտանգներով ու տարածքային նոր կորուստներով։ 

– Արցախի մասով ի՞նչ է առաջարկում ամերիկյան կողմը։

– Արցախի հարցը մնում է փակուղում, առավելագույնը, ինչ կարող ենք անել, փորձել Ադրբեջանի վրա ճնշում գործադրել միջազգային իրավական ատյաններում: Որքան հասկանում եմ Եղիշե Կիրակոսյանի խոսքից, դա արվում է, նոր գործիքակազմի հնարավորություն ես դեռ չեմ տեսնում։ 

Մենք պետք է ռադիկալ կերպով փոխենք մեր արտաքին քաղաքականությունը, որպեսզի Արևմուտքից ստանանք ռադիկալ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Մինչև չլինի այդ փոփոխությունը, Արևմուտքի դիրքորոշման մեջ սպասել ռադիկալ փոփոխություն Ադրբեջանի նկատմամբ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի։ 

ԱՄՆ-ի առաջարկը Արցախի մասով անփոփոխ է՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ: Արցախցիները պատրաստ են այդ բանակցությունները շարունակելու այն պայմանով, որ դրանք տեղի ունենան Արցախի տարածքում, նույնիսկ նշվում է Իվանյանը՝ որպես բանակցությունների անցկացման վայր։ 

– Պարո՛ն Ստեփանյան, այսինքն՝ Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը փորձում է Արևմուտքի օգնությա՞մբ գտնել։

– Այո՛, ու դա իրականում լավ կյանքից չէ, ավելի հստակ՝ կոնկրետ ԱՄՆ-ի հետ, որովհետև, ցավոք սրտի, առարկայական առաջարկություններ ո՛չ Մոսկվան և ո՛չ էլ Բրյուսելը չեն ներկայացնում։ Գոնե այս փուլում պատկերը սա է, ես չեմ ասում, որ դա չի կարող փոխվել, կարող է ժամանակի ընթացքում լինել և՛ Եվրամիության, և՛ ռուսական ներգրավվածություն, բայց այս պահին փաստացի իրավիճակը սա է։ 

– Ադրբեջանական անցակետը, որն արդեն Լաչինի միջանցքում կա, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման դրույթ չկա, ի՞նչ միջոցով հնարավոր կլինի վերացնել։ 

– Այսօրվա իրողություններով, հաշվի առնելով, որ Ռուսաստանը համաձայնել է, որ այդ անցակետը դրվի, ես հայկական կողմի համար մեկ ճանապարհ եմ տեսնում՝ ուղղակի չօգտվել այդ անցակետից: Ես չգիտեմ՝ դա ո՛նց պետք է արվի, մենք ուղղակի այդ անցակետից չպետք է օգտվենք կամ օգտվենք միմիայն ռուսների օգնությամբ, այսինքն՝ նրանք այդտեղ ներկա լինեն։ Մենք պետք է այնպես անենք, որ այդ անցակետն անիմաստ դառնա, եթե սկսենք դրանից օգտվել՝ անընդհատ խնդիրներ ենք ունենալու։ 

– Միջազգային ճնշումների մասին ասացիք, բայց դրանք որքանո՞վ եք արդյունավետ համարում, եթե նկատի ունենանք, որ կա Հաագայի դատարանի որոշում, որը մինչ օրս Ադրբեջանն անտեսում է։

– Կա հարցի բարոյական ու պրակտիկ՝ քաղաքական հարթություն։ Բարոյական հարթությունում մենք կարող ենք սպասել Հաագայի վերջնական վճռին, որով, այո՛, Ադրբեջանին պարտավորեցնելու են բացել միջանցքը, բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանը դա անելու է։ 

Ադրբեջանն այդ շրջափակումը վերացնելու է միայն մի դեպքում, եթե ԱՄՆ-ից կամ ԵՄ-ից ուղիղ զանգ լինի, ու այնտեղից հստակ ասեն՝ եթե դու դա չանես, քեզ ենթարկելու ենք պատժամիջոցների: Մինչև սա չլինի, Ադրբեջանը ոչինչ չի անի։ Իսկ այդ ճնշումը կլինի այն ժամանակ, երբ Արևմուտքում որոշեն, որ դա պետք է անել, երբ Հայաստանն ինչ-որ բան առաջարկի դրա դիմաց, նման քայլերը հենց այնպես չեն արվում։

– Ի՞նչ առաջարկի Հայաստանը։

– Համաձայնի այն առաջարկներին, որոնք արվում են, ինչ առաջարկներ են դրանք՝ ես չգիտեմ, չեմ կարող պատասխանել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am