ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի․ Շառլ Միշել

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղի բնակչության կարիքները բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակը։Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբացման և Աղդամի ճանապարհի բացման հարցերը և յուրաքանչյուր ճանապարհով մատակարարումների հետ կապված մանրամասները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսնակի հայտարարությունում նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու գործին աջակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար։ Տեղում ներկայիս հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է։ Տեղի բնակչության կարիքների բավարարման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը հրամայական է», – նշված է հայտարարությունում։Ըստ հայտարարության՝ Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը «կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։

«Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում: ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալ համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, և նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը նույնպես կարող է լինել հրատապ և ամենօրյա հիմնական կարիքների ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս», – գրված է հայտարարությունում։Նշվում է, որ այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո։«ԵՄ-ն նաև ընդգծել է Բաքվի կողմից Ղարաբաղի հայերին հստակ պատկերացում տալու անհրաժեշտությունը՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից վերադարձի ընթացակարգերի առումով: Զուգահեռաբար, շփումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա»,- ասված է հայտարարության մեջ:Նշվում է նաև, որ շփումների ընթացքում ԵՄ-ն շեշտել է հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար:«Այս առումով կարևոր կլինի Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության և հուսալիության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև տեղում ներգրավվածության առումով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով», – նշված է հայտարարությունում:Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակի՝ վերոնշյալ բոլոր ջանքերը միակ նպատակն է ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների «անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող ողջ բնակչության»։«Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև հաշվի առնելով ներկայիս էսկալացիան», – գրված է հայտարարությունում։Եզրափակելով՝ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակը նշում է, որ ներկա իրավիճակի լուծում գտնելու համար ԵՄ-ն շփումներ է ունեցել տարբեր միջազգային դերակատարների հետ։