Երբ նյարդերը չեն դիմանում. «Առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն»

Երբ նյարդերը չեն դիմանում. «Առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն»
Երբ նյարդերը չեն դիմանում. «Առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն»

Հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի` Լուլույի, բաց նամակին ի պատասխան, ուր նա անդրադարձել է տարրական դասարանների դասագրքերի խնդրին, արձագանքել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Տեղեկացնենք, որ այսօր Լուսինե Բադալյանը Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր անձնական էջում «Բաց նամակ ԿԳՆ Աշոտյանին» վերտառությամբ գրառում է կատարել, ուր նշել է, որ իր նյարդերը էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին:
«Ամեն երեկո ծնողների զանգերն ու միասին գլուխ կոտրելն ինձ հիշեցնում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը: Եթե ի վիճակի չեք նորմալ դասագրքեր գրել, դուք չէ, այլ ԿԱԻ-ն, ապա վերադարձեք մեր ժամանակների Այբբենարաններին կամ փոփոխեք, այլապես խոստանում եմ ամեն դասը դնել համընդհանուր քննարկման, ու կտեսնեք` ինչ տպավորություն են թողնում Ձեր տեքստերն ու մեթոդները,-իր գրառման մեջ նշել է նա եւ որպես հետգրություն ավելացրել.

«Ձեր ժամանակակից հեղինակների անիմաստ բարբաջները փոխարինեք դասական հեղինակների գրվածքներով… Մեր մթագնած ուղեղները դեռ այնքան չեն հասունացել, որ հասկանան, հետո երեխաներին բացատրեն սյուրռեալիստական տեքստեր, առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն…»:

Ի պատասխան, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Բաց պատասխան» վերտառությամբ գրառում է կատարել, ուր շնորհակալություն հայտնելով բաց նամակի համար նշել է, թե «գրառման շուրջ ծավալված քննարկումները ապացույցն են այն բանի, որ դասագրքերի խնդիրը դեռևս արդիական է ու ցավոտ»:

«Եվ այսպես, ՀՀ դպրոցներում օգտագործվում է շուրջ 220 անուն գիրք, որոնիցից 15-20-ը, որ դառնում են քննադատության և քննարկումների առարկա: Այս տեղեկատվական նոթից հետո, թույլ տվեք անկեղծանալ, միաժամանակ, խնդրում եմ, պատրաստ եղեք ինձ հետ միասին կրել այս անկեղծության ռիսկերը:

Խորհրդային Միության ժամանակ ԲՈԼՈՐ դասագրքերը մշակվում էին հատուկ գիտահետազոտաական ինստիտուտներում, փորձարկվում հատուկ նորարարական դպրոցներում, ստանում Մոսկվայի համաձայնությունը և նոր դրվում շրջանառության մեջ:

Հիմա բացահայտեմ Ձեզ համար Պոլիշինելի գաղտնիքը` անկախ Հայաստանի պատմության մեջ մենք այդպես էլ չձևավորեցինք դասագրքաստեղծ ավանդույթներ:

Դասագրքերի զգալի մասը չափից ավելի գիտականացված է, ծանրաբեռնված դժվարամարս և հաճախ արհեստածին բառային նորաստեղծություններով:

Հայտարարվող մրցույթներին մասնակցում են միևնույն հեղինակները, նույն գրքերով:

Հավաստիացնում եմ Ձեզ, վերջին տարիներին չի եղել և ոչ մի լավ գիրք, որ չի անցել մրցույթը: Ընտրել ենք միշտ նրանից ինչ ունենք:

Դասագրքերի հեղինակները պատկառելի գիտանականներ են, պրոֆեսորներ, երբեմն նաև ակադեմիկոսներ, որոնց հեղինակության ուժը բավականին բարձր է:

Վերջին շրջանում գնում ենք նաև այլ ճանապարհով: Փորձում ենք Հայաստանում գործածել նաև արտերկրում ստեղծված լավագույն դասագրքերը մի շարք առարկաների գծով, ինչի համար, իդեպ, արժանանում ենք բուռն քննադատաությանը հայրենի գիտական վերնախավի կողմից:

Հավատացնում եմ Ձեզ, իմ նյարդերն էլ պարբերաբար չեն դիմանում, բայց դե, ինչպես Մարկ Թվենն էր ասում, ուժ եմ խնդրում, փոխելու այն ինչ կարող եմ. համբերություն` համակերպվելու նրա հետ, ինչ դեռ չեմ կարող փոխել, և իմաստություն` տարբերել առաջինը երկրորդից»,-գրել է Արմեն Աշոտյանը` հավելելով.

Կոչ մեր հարգելի գիտնակններին և հեղինակներին` մեր երեխաների համար գրեք ԼԱՎ գրքեր: Ներողամտությունն եմ հայցում այն հեղինակների, ոորոնց դասագրքերին քննադատությունս չէր վերաբերում»:

© Medialab.am