Կարեն Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի սեպտեմբերի 2-ին մերժեց Մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը հիմնավոր համարեց Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքի կիրառումը։

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Նա մեկ տարուց ավել գտնվում է կալանքի տակ։

Սույն գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է նաև Կարեն Խաչատրյանի հորեղբայր՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Օգոստոսի 27-ին դատարանը մերժել էր Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։  Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: