Թուրքիայում մեկնարկել է Դեսպանների 13-րդ համաժողովը: Դրա ընթացքում ելույթ ունեցած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի խնդրին, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին:
Անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա կրկին անգամ հիշեցրել է, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանի բանակին «բռնազավթված հողերն աջակցելու հարցում», որից հետո ըստ Չավուշօղլուի, իրենք արագորեն սկսել են ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության համար:
«Այսպիսով, այսօր խոսում ենք ոչ թե օկուպացիայի տակ գտնվող հողերի, տեղահանված անձանց և ամեն պահի հնարավոր բախման, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին: Այստեղից Հայաստանին էլ կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների մեջ չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Չավուշօղլուն ելույթի մեկ այլ հատվածում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Նա մասնավորապես նշել է. «Մենք անկեղծ ենք Հարավային Կովկասում կարգավորման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում: Ջան Ադրբեջանի՝ հայրենական պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:
Հայաստանի հետ փոխադարձաբար նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են քննարկումները: Իհարկե, այս գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացից ու մեր վերջնական նպատակը հանդիսացող ամբողջ տարածաշրջանում կարգավորման ու համագործակցության հորիզոնից առանձին չենք դիտարկում: Վերջին օրերին տարածաշրջանում առաջացած լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե առկա խաղաղությունն ինչքան փխրուն է: Իհարկե, այս գործընթացում ջան Ադրբեջանի հետ մեր համերաշխությունն ամրապնդվելով շարունակվելու է: Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ ջան Ադրբեջանը երբեք միայնակ չի»:
Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: