Պատերազմի հետքը. 18-20 տարեկան տղաներ են, որ մինչև արյան վերջին կաթիլը իրանք կռիվ էին տալի պոստում. 44-օրյան՝ մասնակիցների աչքերով

«Առաջին վայրկյաններին, երբ որ պատերազմը սկսեց, ոչ մեկ չէր ջոկում՝ ինչ ա կատարվում… Նայեցինք կողերս՝ ինչ-որ ծուխ ա վերևը, բան: Դրանից հետո ուղղակի մեր հրամանատարներից մեկը… գոռաց, որ սաղս մտնենք բունկեր, ու տենց խառնաշփոթով սաղս լցվել ենք բունկեր, էնքան ա՝ ողջ մնանք, էլի, էդ առաջի մի քանի ժամվա մեջ, երևի»: Սա հատված է 20 տարեկան ժամկետային զինծառայողի վկայությունից, որ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը զետեղել է իր «Պատերազմը մասնակիցների պատմություններում. մարդաբանական հետազոտությունը» գրքում։ 

Հետազոտությունը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի նկարագրությանը՝ մշակութային մարդաբանության տեսանկյունից։ Դրա հիմքում ընկած են պատերազմի մասնակիցների բանավոր պատմությունները, որոնց միջոցով ներկայացվում են պատերազմի նկարագրությունը մասնակիցների տեսանկյունից, պատերազմի ապրումը, վախերը, բարոյական ընկալումներն ու հետևանքներն այն ապրած մարդու վրա։ 

«Պատերազմը զարմանալի էր նրանով, որ չնայած գիտեինք, որ մի օր սկսելու ա, բայց չգիտեինք, որ էս մասշտաբով ա լինելու, որտև, խոսքի, մի պոստի վրա մի 5-6 հատ անօդաչու կար, կամիկաձե»,- պատմում է մեկ այլ 20-ամյա ժամկետային զինծառայող:

«Էդ ձայները նամանավանդ, երբ որ սկզբից ես լսում, ինքը շատ ուժեղ է ու ահավոր, ըսպես, մեջդ վախ ա գցում, որովհետև, դեեեե, ասենք՝ պատրոնի թռիչքը լրիվ ուրիշ, գնդակի ձայնը լրիվ ուրիշ է, իսկ սնարյադը միանգամից պայթում է, նամանավանդ… տեղյակ չենք, էլի: Եթե գիտենանք, հա, էլի… ավտոմատի կռիվ է լինելու, էլի մոտավոր ձեներին տիրապետում ենք, զենքով կրակել ենք, ձայնի բարձրությունը, բան, բայց տենց միանգամից հրետանու կամ ավելի մեծ տրամաչափի պահով… ձայնը, հիմնականում, ձայնը»,- պատմում է մեկ այլ 20-ամյա ժամկետային զինծառայող:

Աղասի Թադևոսյանը զրուցել է պատերազմի մասնակիցների հետ։ Խոսել է վախի, հայրենասիրության, կորուստի, ցավի և այլ թեմաների շուրջ: Հետպատերազմյան մարդաբանական հետազոտության հիմքում ընկած են բանավոր պատմությունները։

«Այս գիրքը գրելու միտքը ո՞րն էր․ Առաջին պատերազմի մասին ում խոսքն ասես չկա, բացի հենց մասնակիցներից։ Բուն պատերազմի մասնակիցների ձայնը չէր լսվում, իսկ իմ գրքում զինվորի ու սպայի խոսքն է, նրանց կարծիքը»,- ասում է նա։

Թադևոսյանը նշում է, որ աշխատանքներն իրականացնելու համար կազմված թիմի տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները զրույցներ են անցկացրել պատերազմի մասնակիցների հետ: Խորացված հարցազրույցներում զինվորները պատմում էին 44-օրյա պատերազմի մասին՝ խոսելով մեր զորքերի վիճակի, թշնամու բանակի, պարտության ու անգամ առաջնագիծ եկած քարոզիչների մասին, որ գալիս ու հուսահատություն էին տարածում։ Պատմությունների հիման վրա շարադրված գիրքը շատ անմիջական է ընթերցողի համար, պահպանել է խոսակցական լեզուն։

«18-19 տարեկան տղաներն ունեն ճանաչողական հատկություններ։ Պատերազմը շատ պաթոսային էլեմենտներ հանել է տղաների մեջից, նաև հայրենասիրության ընկալումն է փոխել։ 23 տարեկան տղա էր, ասում էր՝ մինչև պատերազմ գալը հայրենասիրությունը լավ ոտանավորներ սովորելու, պատմության թվերը անգիր ասելու ու հաղթանակների մասին խոսելու տեսքով էր, իսկ հիմա, ասում էր, որ պատերազմը փոխել է իր այդ մոտեցումը»,- «Մեդիալաբին» պատմում է Աղասի Թադևոսյանը՝ ընդգծելով, որ շատ դեպքերում տարբեր շքանշաններ ստացած հերոսն ասում է՝ «ես հերոս չեմ, պարզապես արել եմ է՛ն, ինչ պետք ա անեի, որ չմեռնեի, իսկ հերոսն էն բժիշկն էր, որ կյանքեր փրկեց»։

Ըստ մարդաբանի՝ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել մտածողության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: 22 կամ 23 տարեկան տղաներ կային, որոնք կամավորական էին, ու նրանց ընկալումը ռազմի դաշտում տեղի ունեցածի ու հետագայում պատերազմի թողած հետքերի մասին խիստ տարբերվում էր այն կամավորականներից, որ Առաջին պատերազմին էլ էին մասնակցել։ 

Ինչ վերաբերում է վախին, ապա դրա մասին խոսելը բնական էր։ Տղաները վախի մասին ամոթի ընկալումով չէին խոսում, սառը, սթափ գնահատական էին տալիս ու վախը բնութագրում որպես մարդուն բնությունից տրված բազային բնազդ՝ (инстинкт)։

«Եթե վախենում ես, ուրեմն ձգտում ես ապրել, սա նորմալ երևույթ է։ Տղաներից մեկը լավ էր նկարագրում, ասում էր՝ մեզ մոտ չկար էն մեծ գաղափարը, որ առաջին ռումբի պայթյունից հետո ինքը չկորեր, և մեզ մոտ վախ չառաջացներ։ Քիչ թե շատ նորմալ բանակներում գաղափարաբանական աշխատանք է տարվում, արժեքների փոխանցման աշխատանք է տարվում, թե որոնք են մեծ արժեքները, թե հանուն ինչի են իրենք հայտնվել կռվի մեջ։ Եթե կա մեծ գաղափարը, օգնում է, որ մարդը չվախենա»,- նշում է մարդաբանը։

Վախերից հեշտ ազատված խմբերը զենքին պրոֆեսիոնալ տիրապետողներն են եղել։ Զորակոչային տարիքի տղաներին նկարագրում են որպես լավ կռվող տղաներ, որովհետև լավ տիրապետում էին կռվելու հմտություններին։ Նրանք տիրապետել են խմբով կռվելու տակտիկային ու ավելի արագ են հաղթահարել վախը։ 

«Հիմնականում առաջինը, որ աչքի ա ընկե, էտի եղել ա զորքը, ժամկետային զինծառայողները, որովհետև իրանք ընդամենը 18-19, 20 տարեկան տղաներ են, որ մինչև վերջին վայրկյանը, արյան վերջին կաթիլը իրանք կռիվ էին տալի պոստում ու ոչ մի քայլ հետ չեն նահանջում, բացարձակ»,- ժամկետային զինծառայող, հետախույզ, 20 տարեկան:

Բանակի բացթողումները ևս ազդել են կռվելու հմտությունների վրա, մասնավորապես, մինչև 2020 թվականը բանակը պետք է պատրաստվեր, ու որոշակի քանակով զորավարժություններ անցկացվեին, սակայն գումարը դուրս է գրվել ու չի արվել, հետևաբար հմտությունների ուսուցումը լավ չի տրվել բանակին։ 

«Ինչի են պահեստազորայինները ավելի շատ փախել, որովհետև հայտնվել են ճակատում ու չեն իմացել՝ ոնց պետք է շարժվեն։ Երբ մարդիկ չունեն հմտություն, վախը ուժեղանում է, դրա համար փախուստը շատացել է։ Կարևոր է եղել նաև խմբում լինելու զգացողությունը։ Մի պահեստազորային էր պատմում, ասում ա՝ երբ սկզբից զորակոչվել ա, մենակ ա զգացել ու վախ ա ունեցել ու հետո հայտնվել ա 7-8 հոգանոց խմբի մեջ, որ իրար վաղուց ճանաչում էին, ու ինքը էդ խմբի մեջ մտնելով՝ ուժեղացրել ա մարտական ոգին ու իրեն մենակ չի զգացել։ Այսինքն՝ թիկունքը պահող կա, վիրավոր պահին չի թողնի մարտի դաշտում, կամ եթե մահանա, դիակը կհանի»,- պատմում է մարդաբանը։

«Իմ համար, ով մասնակցել ա, էդ ամեն ինչը տեսել ա իրա աչքերով ու դրանից հետո շարունակել ա մնալ, ինքն արդեն հերոս ա։ Հա, ով մնացել ա, ինքն արդեն հերոս ա, հիմա գիտակցված-չգիտակցված՝ մահը մահ է, գիտակցված մահը անմահություն: Էն որ էտի մենք խոսում ենք, մենակ զուտ պատկերացնում ենք, չէ՞, բայց էտի տենալը մի այլ բան ա, պատկերացնելը՝ մի այլ։ Որ գիտես՝ էթում ես մեռնես, հաստատ էն, որ էթում ես, դրանից տենց ավելի մեծ քայլ չկա էս կյանքում»,- ժամկետային զինծառայող, շարքային, 20 տարեկան:

Խոսելով հասարակության մեջ վախերի մասին՝ մարդաբանն ընդգծում է, որ հասարակության մեջ հետպատերազմական վախը դեռ իներցիայով շարունակվում է: Հետազոտություններ կատարող խումբն աշխատել է նաև քաղաքացիական անձանց հետ, բացահայտելով, որ վախի մի քանի տեսակ կա հասարակության մեջ, որոնց մեջ շատ ուժեղ էր թշնամու հանդեպ ունեցած վախը։ 

Մասնավորապես, մի ուսուցչուհի պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևից է վախենում, երազներ տեսնում։ Գրքում խոսվում է նաև անվտանգությունը, պետականությունը կորցնելու կամ քաղաքացիական պատերազմ սկսվելու հանդեպ վախի մասին։ 

«Վախերն առկա են ու դեռ շարունակվում են, ու ասպարեզում մրցակցող քաղաքական ուժերը շատ լավ գիտակցում էին սա ու փոխարենը այդ վախերը հաղթահարելուն ուղղված գործողություններ ձեռնարկեին, աշխատում էին այդ վախերը գեներացնելու ու խաղացնելու վրա, ինչը շատ ստոր է։ Հատուկ ուզում եմ խոսել այս մասին, ավելի լավ է՝ քաղաքական պայքար տարեք»,- ասում է Աղասի Թադևոսյանը։

Ըստ մարդաբանի՝ շատ սպասելի ու բնական վիճակ է, երբ նման ցնցումներից հետո հասարակության շրջանում ինքնության հետ կապված հարցադրումներ են առաջանում, հատկապես երբ հաղթողի ինքնությունը փոխվում է պարտվողի, նաև փոխվում են թշնամու մասին ունեցած պատկերացումները։ 

«Ձևավորվում է այսպիսի մի պատկերացում, թե աշխարհը փլուզվում է, մենք կորցնում ենք մեր ինքնությունը, բայց ես չէի ասի, որ նման պրոբլեմ ունենք։ Ավելի շատ կասեի, որ գտնվում ենք ինքնության վերաիմաստավորման փուլում։ Սա առողջ պրոցես է, անառողջ կլինի, եթե չկարողանանք այդ վերաձևակերպման գործընթացում առաջնային նշանակություն տանք առողջ մտքին, բանականությանը և ավելի քիչ՝ էմոցիոնալությանը։ Դրանք պետք է բալանսավորվեն»,- ընդգծում է մարդաբանը։

Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

Փոդքաստը վարում է Լիաննա Խաչատրյանը

MediaLab.am