Սահմանված առաջնային մասնագիտություններով ուսանողները կստանան 70 և ավելի հազար դրամ կրթաթոշակ. փորձագետը՝ որոշման մասին 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով: Ձեր գնահատականն ու դիտարկումները խնդրեմ այս նախագծի վերաբերյալ։

– Նախաձեռնությունը գնահատում եմ դրական ճիշտ ուղղությամբ, բայց դեռևս ոչ լիարժեք։ Իսկապես, այն կրթաթոշակները, որոնք սահմանված են ավելի քան 20 տարի առաջ անվճար սովորող ուսանողների համար, էական որևէ լուծում չեն ներկայացնում, դրանք ընդամենը, միջին հաշվով, ամսական 5000 դրամ են, որը խրախուսանքի ձև չի կարող համարվել, ու սա պետք է վաղուց վերացրած լինեին։ 

Ուսանողները շատ դեպքերում նույնիսկ մոռանում են ստանալ, ու ստացվում է, որ պետությունը բյուջեից ավելի քան 20 տարի ուղղակի անիմաստ ծախս է կատարում ու քիչ գումար, բայց շատ ուսանողների տալով, ըստ էության, փոշիացնում է կրթաթոշակներ տալու համար նախատեսված գումարները։ 

Կրթաթոշակի բարձրացումն իհարկե շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ կոնկրետ մասնագիտությունների պարագայում, որպեսզի մեր շրջանավարտները կարողանան մասնագիտություններ ընտրել, միևնույն ժամանակ նաև Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձից էլ բարձր կրթաթոշակ ստանալ, որը կապահովի հատկապես այն երիտասարդների կարիքները, որոնք մարզերից են, իսկ մեր ուսանողների հիմնական մասը հենց մարզերից են։ 

Բայց ինչու եմ համարում կիսատ կամ ոչ լիարժեք, որովհետև համակարգը ընդհանրապես պետք է Հայաստանում փոխվի ու ինչքան հնարավոր է շուտ։ ԽՍՀՄ-ից մնացած կրթաթոշակների համակարգն իրեն ընդհանրապես չի արդարացնում, որովհետև խորհրդային պլանային տնտեսությունն այլևս չկա, և հնարավոր չէ հետևել յուրաքանչյուր ուսանողի հետագծին, որը նա ունենում է իր կյանքի ընթացքում։ 

Այն ուսանողը, որը պետք է բարձր կրթաթոշակ ստանա, որևէ պարտավորություն չի ստանձնում ավարտելուց հետո աշխատել, օրինակ՝ տվյալ բնագավառում, ընդ որում՝ պետական որևէ կառույցում։ Այս մասը դեռևս բաց է, փաստորեն սա իներցիայով եկող որոշում է դեռևս խորհրդային ժամանակներից, կրկնում եմ, որտեղ պլանային տնտեսություն կար, ու պետությունը կարողանում էր պլանավորել ուսանողների թիվը, նրանց կրթաթոշակ տալ ու նրանց հետագծին հետևել։ Այսօր այս ամենը չկա, և ուսանողը կարող է ընդհատել ուսումը, երբ լավ աշխատանք է գտնում, շատ ուսանողներ գերադասում են արտերկրում սովորել։ 

Եթե այս առաջին քայլն անում ես, պետք է նաև երկրորդ քայլն անես՝ ապահովել հետագայում այդ մարդկանց գիտելիքների ներդրումը համապատասխան ոլորտներում, այլապես դա ուղղակի կիսատ քայլ կլինի, ու այն մարդիկ, որոնք այս տարի կընդունվեն ու կստանան այդ կրթաթոշակները, չորս տարի հետո կմտածենք, թե ինչպես անենք, որ այդ գումարները չդառնան փոշիացված, որովհետև բուհերի այդ շրջանավարտները կարող են արդեն Հայաստանից դուրս գալ, ոլորտը փոխել և այլն։

– Նախագծով առաջարկվում է բարձրացնել միայն պետության համար առաջնային համարվող մասնագիտություններով սովորող ուսանողների կրթաթոշակը, չէ՞, այսինքն՝ մյուս մասնագիտությունների դեպքում կրթաթոշակի չափն անփոփոխ է մնալու, սա անհավասար մրցակցային պայման չի՞ ստեղծելու։

– Այո՛, հենց այդպես է, փոփոխությունը վերաբերում է այն մասնագիտություններին, որոնց ցանկը կցված է նախագծին, իսկ մյուս մասնագիտությունների պարագայում որևէ փոփոխություն չի նախատեսվում, այսինքն՝ փոշիացումը շարունակվելու է։ Սա կիսատ քայլ կարելի է համարել, քանի դեռ համակարգն ամբողջությամբ չի փոխվել, որովհետև անարդարության զգացում կլինի ուսանողների մոտ։ Այս ամենից խուսափելու համար արժի, որ ամբողջ համակարգը փոխվի, թեև հասկանում եմ, որ դրա համար ժամանակ է պետք։ 

– Պարո՛ն Մխիթարյան, իսկ այս փոփոխությունը գրավիչ կլինի՞ դիմորդի համար։

– Կարող է որոշակի ազդեցություն ունենալ, որ դիմորդները ձգտեն հենց այդ մասնագիտություններով սովորել։

– Իսկ ընտրված մասնագիտությունները, որոնք համարվում են պետության համար առաջնային և կարևոր, ինչպե՞ս եք գնահատում։

– Այո՛, դրանք իսկապես պահանջարկ ունեն․ գյուղատնտեսական մասնագիտությունները՝ ագրարային ոլորտը, անցած տարվա ընդունելությունը ցույց տվեց, որ իսկապես վատթարագույն վիճակում է, որ պետականորեն հատկացված տեղերի ընդամենը 5 տոկոսն էր համալրվել։ Տեսնենք, թե այս տարի ինչ պատկեր կունենանք՝ այս որոշմամբ պայմանավորված, եթե ընդունվի։ Նույն իրավիճակն ունենք նաև մանկավարժական բուհերում, որտեղ անցած տարի՝ Վանաձորում, Գյումրիում ունեցանք, օրինակ՝ մաթեմատիկա մասնագիտությամբ զրո դիմորդ, ֆիզիկա մասնագիտությամբ՝ 1-2 դիմորդ, որը ուսուցիչների պահանջարկի 1-2 տոկոսն է, որ ունենալու ենք սրանից 2-4 տարի հետո, այսինքն՝ շատ աղետալի վիճակ է, ու նույնիսկ կարող է այսպիսի որոշումն էապես չփոխել իրավիճակը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am