Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացիՄատիաս Բլյուբաում:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում էր Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած էր 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո: