Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը

Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը
Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը

«Եթե դիտարկենք ռուս-հայկական քաղաքական ամուսնությունը», ապա ստիպված ենք արձանագրել, որ դրանում տեղ  գտավ ընտանեկան բռնության դրսեւորում»- «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված  «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` ընդգծելով, որ  քառօրյա պատերազմի հիմնական բացասական հետևանքներն էին հրադադարի ավարտը և դիվանագիտական գործընթացի դադարեցումը:

«Կրակը դադարեցնելու մասին ներկայումս գործող պայմանավորվածությունը չի նշանակում վերադարձ հրադադարին»,- ընդգծեց բանախոսը: Կիրակոսյանն առանձնացրեց այն հինգ դասերը, որոնք պետք է քաղել  անցած օրերի պատերազմական գործողություններից. «Առաջին դասն այն էր, որ ՝ բավական քիչ լծակներ ունենք, որոնք կարող ենք կիրառել ու թույլ չտալ Ադրբեջանին վերսկսելու ռազմական գործողությունները:

Երկրորդ դասը Ադրբեջանի կողմից նոր ռազմավարության  որդեգրումն է. գրավել ու պահել նոր տարածքներ: Երրորդ՝ առաջացել է նոր համատեքստ այս իրավիճակի հետ կապված: Չորրորդ՝ պետք է վերանայել  Հայաստանի ներքին իրավիճակը՝ հասարակության եւ առաջին հերթին իշխանության կոռումպացվածությունը մեծապես  վտանգում է  երկրի հիմքերը:  Եվ վերջապես` հինգերորդ դասը Ռուսաստանի դավաճանությունն էր իր ռազմավարական դաշնակցին»: Հատկապես վերջինի հետ կապված` Կիրակոսյանն ընդգծեց, որ հաշվի առնելով նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վերջին  հայտարարությունը, կարելի է արձանագրել, որ ներկայումս Ադրբեջանին զենքի վաճառքը Ռուսաստանում այլեւս  դիտարկվում է ոչ միայն որպես բիզնես, այլեւ որպես նոր քաղաքական մոտեցում:

Քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Ռուս քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը  նշեց, թե դեռ գործընթացը չի ավարտվել, տեսել ենք էսկալացիան, բայց կարգավիճակային հարցերը դեռ լուծված չեն, ուստի քառօրյա պատերազմի քաղաքական հետևանքները դեռ տեսանելի չեն: «Դեռ չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղը, նույնն է մնացել նաև Մինսկի խմբի ձևաչափը: Հիմա ՀՀ-ի համար ստատուս քվոն ավելի ընդունելի է, քան Ադրբեջանի, սակայն ներկայումս փորձեր են նկատվում ստասուս քվոյի փոփոխման հարցում»,- նշեց ռուս փորձագետը` ընդգծելով, որ  Ղարաբաղը այսօր չի հանդիսանում այն  կետը, որտեղ շահերի լուրջ բախում ունեն Ռուսաստանն ու Միացյալ նահանգները, ուստի համակարտության կարգավորման հարցում այս երկու բեւեռների միջեւ այս պահին խիստ հակասություններ չեն կարող լինել:

Քննարկման մյուս մասնակցի` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի վստահեցմամբ`գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք քառօրյա պատերազմից, այն է, որ պիտի հնարավորինս կարճ ժամկետում վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ շահեց Ադրբեջանը քառօրյա պատերազմից, Մինասյանը նկատեց, որ  այդ երկիրը շահեց միայն ներքաղաքական դաշտում. «Ուղղակի մի քանի քառակուսի մետր հող գրավելով, ընդ որում`  ծանր կորուստների եւ միլիոնավոր դոլարների գնով` դրա շնորհիվ Ալիևն այժմ ունի ազգային մակարդակով աջակցություն Ադրբեջանի ներսում: Բայց ռազմական առումով Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծվեցին»: Ըստ Սերգեյ Մինասյանի` Ռուսաստանի դերակատարությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար մեծացավ, ինչպես նաև քառօրյա պատերազմից հետո մեծացավ երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից:  Մինասյանի խոսքով` եթե Ռուսաստանն առաջիկայում հետեւություններ չանի եւ շարունակի զինել Ադրբեջանին, այդ ամենն ի վերջո կարող է մեկ օր, մեկ ամիս, կամ մեկ տարի հետո հանգեցնել էսկալացիայի վերսկսման` եւ այդ ժամանակ արդեն կառաջանա առհասարակ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի  գոյության իմաստը վերանայելու խնդիր:

Անդրադառնալով հայկական կողմի անելիքներին` Ռիչարդ Կիրակոսյանը առանձնացրեց հետեւյալ քայլերը. «Պետք է նախ ուժեղացնենք պաշտպանական համակարգերը: Երբ հանդիպեցի Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ, ես նշեցի, որ պետք է ԼՂՀ-ն դառնա նաև բանակցությունների կողմ, որ ավելի խորը դիվանագիտական գործընթացներ լինեն: Երրորդ քայլն այն պետք է լինի, որ ԵԱՀԿ-ն կրակի դադարի մոնիտորներ տեղադրի ամբողջ այդ տարածքում: Չորրորդ քայլը պետք է լինի ավելի պակաս հանդուրժողական լինելը: Մենք չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները: Մենք չպետք է ընդունենք այն հանգամանքը, որ մեղադրում են հավասարապես երկու կողմերին: Խախտումներ նախաձեռնողները պիտի որոշակի գին վճարեն: Եվ, ի  վերջո, ՀՀ կառավարությունը պետք է վերանայի հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունները»:
 
Սերգեյ Մինասյանն էլ խոսելով բանակցային գործընթացի հետագա զարգացումներից` նշեց, որ   Մադրիդյան սկզբունքների փոփոխությունը կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով քիչ  հավանական է: «Մենք պաուզա կունենանք բանակցային գործընթացում: Մինսկի խումբը փորձելու է քաղաքական ճգնաժամի կարգավորման տեսանկյունից գործողություններ անել, այլ ոչ թե իրական բանակցային փաստաթղթի շուրջ աշխատանք տանել»: 

Արձագանքելով Մինասյանի այս պնդմանը` Կիրակոսյանը հավելեց. «Իհարկե, այս պահը դիվանագիտության համար լավագույն ժամանակը չէ, գերակա հարցը ոչ թե այն է` արդյոք կլինի՞ հաջորդ հարձակումը, այլ այն է, թե ե՞րբ կլինի հաջորդ հարձակումը»: 

Արևիկ Սահակյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող

http://www.youtube.com/watch?v=E66gyYeygro