«Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շուրջ աղմուկի պատճառները վերացվել են. նախարար

Կառավարության նիստում  Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հետ կապված նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաև «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» ու «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա:

«Այս պահին ասելով՝ նկատի ունեք դահլիճո՞ւմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կատակեց Նիկոլ Փաշինյանը:

«Նկատի ունեմ վերջին մեկուկես ամսվա ընթացքում: Հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ ենք: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»  առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր: Այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, ու որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում», – ասաց նախարարը: