Փաշինյանի քաղաքական ապագան անորոշ է, դա էլ բերում է տարբեր տեսակի ջղաձգումների, սրա համար է, որ նա ավելի ներվայնացած է. քաղտեխնոլոգ 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի սափրվելու փաստն ամեն մեկը մի ձևով մեկնաբանեց, ոմանք պնդում են, թե նա նախընտրական գործընթացի մեջ է մտնում նոր կերպարով, ձեր գնահատմամբ՝ Փաշինյանի այս քայլն ի՞նչ մեսիջ էր պարունակում։

– Նոր կերպարը բեղ-մորուքով չի որոշվում, այստեղ այլ խնդիրներ կան, քան իր սափրվելը։

 – Որո՞նք են այդ խնդիրները։

– Խնդիրն այն է, որ նրա քաղաքական ապագայի մեջ լրիվ անորոշություններ են մտել, քանի որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում: Բնականաբար, նա ամեն ինչ անում էր, որ այդ փաստաթուղթը ստորագրվեր՝ հույս ունենալով, որ Արևմուտքի ճնշմամբ կստորագրվի այն։ 

Հիշում ենք, որ ուր գնում էր՝ այդ պայմանագիրն էր ներկայացնում, մի կողմ դնենք՝ լուրջ էր դա, թե չէ, տվյալ դեպքում դա չէ կարևորը, նա ուներ քաղաքական փիար ապրանք, որը փորձում էր վաճառել, ու այդ պայմանագրի ստորագրման մեջ շահագրգռված էր նաև գլոբալիստական այն աշխարհը, որը 2018-ին նրան իշխանության բերելով մի քանի խնդիր էր ուզում լուծել։ Բայց այդ գլոբալիստները պարտվեցին ԱՄՆ նախագահի ընտրություններում։ 

Խաղաղության պայմանագրով շահագրգռված էին նաև ԵՄ ազդեցիկ երկրներ, սակայն փետրվարին Գերմանիայում ընտրություններ են, ու գրեթե հաստատ է, որ Շոլցն այլևս վարչապետ չի լինելու, որը խաղաղության պայմանագրի շահառուներից էր։ Մակրոնը 2026-2027 թվականի նախագահի ընտրություններով է հեռանալու, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ էին այդ պայմանագրով, հեռանում են։ 

Առաջին հերթին այստեղ իհարկե ԱՄՆ-ն է, ու հարց է առաջանում, թե Թրամփն ի՛նչ քաղաքականություն է իրականացնելու Հարավային Կովկասում, իսկ եթե նրան պետք չլինի այդ խաղաղության պայմանագիրը ու նա ճնշում չգործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս էլ Ադրբեջանի ձեռքով պայմանագիր կնքի, որովհետև այդ պայմանագիր կնքողը Թուրքիան է, որովհետև Ադրբեջան որպես անկախ երկիր գոյություն չունի, նա արդեն վաղուց վերածվել է Թուրքիայի կցորդի: Այն պահից, երբ Թուրքիան 2020 թվականի պատերազմի ժամանակ իր զորքով մտավ ու հաղթեց հայկական բանակին, այդ պահից արդեն Ալիևն ինքնուրույն քաղաքական գործիչ չէ։ 

Իսկ այժմ հայտնի չէ, թե Թրամփն ի՛նչ քաղաքականություն է վարելու Թուրքիայի նկատմամբ, ի՛նչ քաղաքականություն է վարելու Իրանի նկատմամբ։ Եթե ԱՄՆ-ին այդ պայմանագիրը պետք չլինի, դա նշանակում է, որ Թուրքիան չի ստորագրելու պայմանագիրը, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը առնվազն 2026-ին գնալու է մարդկանց ի՞նչ ասի, որ նախկինների պատճառո՞վ երկրում ոչինչ չի ստացվել։ 

Երեկ էլ, եթե նկատեցիք՝ Կառավարության նիստում իր թիմակիցներին սկսեց նախկին անվանել, որ ինքը հեղափոխություն է արել, ամեն ինչ լավ է ուզում անել, բայց վատ չինովնիկները չեն թողնում անել, այսինքն՝ բարի թագավոր, վատ նազիր-վեզիր ներկայացում է ուզում խաղալ, բայց դա կարող է չաշխատել։ 

Նրա հիմնական հաղթաթուղթը խաղաղության պայմանագիրն էր, որի շահառուները դատարկվեցին, իսկ սա նրա մոտ առաջացնում է անորոշություն իր քաղաքական ապագայի նկատմամբ, ինչն էլ բերում է ներվային դրսևորումների, որը երևում է տարբեր տեղերում, տարբեր ձևերով, սա է տեղի ունենում։ 

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, դա էլ հստակ չէ, իսկ միգուցե ԱՄՆ նոր վարչակազմը որոշի այլ քաղաքականություն իրականացնել կամ ընդհանրապես չհետաքրքրվել Հարավային Կովկասով։ Այսինքն՝ հիմա լրիվ անորոշ վիճակ է, ինչն էլ բերում է տարբեր տեսակի ջղաձգումների, սրա համար ինքն ավելի ներվայնացած է։ 

– Իսկ այդ անորոշ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կարող է իր ընտրազանգվածին իր շուրջը հավաքել։

– Եթե նա չունենա արտաքին աջակցություն, չի կարողանա, ինչ-որ 15 տոկոս կարող է պահել, բայց հաղթելու համար 15 տոկոսը շատ քիչ է։ Էլի եմ ասում՝ անորոշ է վիճակը, քանի որ պարզ չէ, թե Թրամփն ի՛նչ քաղաքականություն է որդեգրելու մեր տարածաշրջանի նկատմամբ։ Մինչև հունվարի 20-ը, գուցե դրանից հետո էլ նման ջղաձգումների ականատես լինենք, որովհետև ոչ մի բան առաջ չի գնում, իշխանությունը դա զգում է՝ ներդրում չկա, խաղաղության պայմանագիր չկա, իսկ սա ազդելու է նրա վրա, դա տեսնելու են նաև իր թիմակիցները, որ ինքն այլևս աջակցություն չունի։ 

Թիմակիցների վրա էլ շատ դեպքերում չի կարողանում, որովհետև թիմակիցներն էլ նրա դեմ կոմպրոմատներ ունեն, ու եթե նա չունենա դրսի աջակցություն, թիմակիցներն էլ լքեն, ապա պարզ է, որ հայտնվելու է բանտում՝ դարձյալ ենթադրաբար։ Այս գործընթացն է, որ հիմա նրան ներվայնացնում է։

– Պարո՛ն Բադալյան, Աննա Հակոբյա՞նն էլ է այդ անորոշությունից ելնելով աշխատանքից, հանգստից հաճախ տեսանյութեր հրապարակում, թե՞ նա այլ մեսիջներ է հղում հանրությանը։

– Չէ՛, նա էլ ցույց է տալիս, որ կյանքը շատ հաջող է, որ իրենք շատ ամուր են, ոչ մի խնդիր չունեն ու կարող են շատ հանգիստ ման գալ որտեղ ուզեն, Տանզանիա գնալ, որ ոչ մի խնդիր չունեն, սա է նրա մեսիջը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am