Վրաստանյան քաղաքական օղակների համար, սակայն, ազգային փոքրամասնությունների լեզուներին պաշտոնական կարգավիճակ շնորհելը նշանակում է քաջալերել անջատողականությունը:
Վրաստանի հայաբնակ շրջաններից մեկի տեղական իշխանությունները կոչ են արել երկրի կառավարությանն ազգային փոքրամասնությունների լեզուները պաշտպանող միջազգային համաձայնագիր վավերացնել, որից հետո բուռն քննարկումներ սկսվեցին երկրում:
Ախալքալաքի քաղաքային խորհրդի անդամները հայտարարել են, որ պատրաստվում են էթնիկական փոքրամասնությունների լեզուներին պաշտոնական կարգավիճակ շնորհելու խնդրանքով դիմել Վրաստանի խորհրդարան: Քաղաքային խորհրդի անդամները անցյալ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթանակած եւ կառավարության ձեւավորած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներ են:
Վրաստանում շուրջ 250 հազար էթնիկ հայեր են ապրում`կազմելով երկրի բնակչության մոտավորապես 5 տոկոսը: Հայերը հիմնականում բնակվում են լեռնային Սամցխե-Ջավախք շրջանում, որը սահմանակցում է Հայաստանին եւ Թուրքիային:
Երկրի հարավ-արեւելքում`վրաց-ադրբեջանական սահմանին, բնակվում են մեկ այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ`280 000 ադրբեջանցիներ:
Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (ECRML) պարտավորեցնում է անդամ-պետություններին կրթությունը, դատական ընթացակարգերը եւ պետական ծառայությունները ազգային փոքրամասնությունների լեզվով հասանելի դարձնել այն վայրերում, որտեղ այդ լեզուներով են ավանդաբար հաղորդակցվում: 1999 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելով`Վրաստանը պարտավորվել է վավերացնել Խարտիան, սակայն մինչ օրս դա չի արել:
«Մենք համոզված ենք, որ երկրի շրջաններում բնակվող ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը Վրաստանը կառուցելու կարեւոր բաղադրիչներից մեկն է: Պետք է նաեւ նշել, որ տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը եւ զարգացումը չպետք է իրականացվի պետության պաշտոնական լեզվի հաշվին», – նշվում է Ախալքալաքի քաղաքային խորհրդի անդամների նախնական հայտարարության մեջ: Խորհրդի անդամները ներկայացնում են «Վրացական երազանք» դաշինքի Հանրապետական խմբակցությունը:
Խորհրդի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքերով, խորհրդի անդամները դեռեւս չեն համաձայնացրել հաղորդագրության վերջնական տեքստը:
«Այս հայտարարության վրա դեռեւս աշխատում են, իսկ վերջնական տարբերակը կուղարկվի խորհրդարան: Տեքստում չի շեշտվում հայերեն լեզուն: Այն պարզապես հիշեցնում է Եվրոպական խարտիայի վավերացման մասին», – ասում է նա:
Ախալքալաքի քաղաքային խորհրդի անդամները նշում են, որ նախքան հարցը բարձրացնելը, չեն խորհրդակցել Թբիլիսիում «Վրացական երազանք»-ը ներկայացնող իրենց գործընկերների հետ:
Այս քայլը շատերին կրկին ստիպեց խոսել այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այն փաստը, որ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն սովորում Վրաստանի պետական լեզուն`վրացերենը:
Չնայած նշված հայտարարության մեջ հայերենի մասին խոսք չկա, վրացական լրատվամիջոցների մեկնաբանությամբ, այս ամենի նպատակը հենց հայերեն լեզվի համար պաշտոնական կարգավիճակ ստանալն է:
««Վրացական Երազանք»-ի Հանրապետականները հայերեն լեզվի համար պաշտոնական կարգավիճակ են պահանջում», – հաղորդում է «ExpressNews» լրատվական գործակալությունը մարտի 15-ին:
Նախագահ Միխայիլ Սաակաշվիլու խորհրդական Վան Բեյբուրթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ չնայած չի կարծում, թե Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացումը կարող է անջատողական տրամադրություններ հրահրել, այն վավերացնելու համար դեռեւս շատ վաղ է:
«Այն դեպքում, երբ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների 10%-ից պակասն է վրացերեն խոսում, բնականաբար, Խարտիան վավերացնելը ցանկալի չէ: Այլապես կստացվի, թե մենք օրենքներ ենք ընդունում`վրացերենով ուսուցումը լիովին դադարեցնելու համար», – ասում է նա:
Սակայն իշխող «Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր Թինա Խիդաշելին հերքում է այն ենթադրությունները, թե Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու պատճառով վրացերենը կարող է զրկվել պետական լեզվի կարգավիճակից:
Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում Սաակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին նախազգուշացնում է, որ տարածաշրջանային լեզուներին պաշտոնական կարգավիճակ տրամադրելը կարող է քաջալերող գործոն հանդիսանալ անջատողականության համար:
Նա նշում է, որ նախկին կառավարությունը 9 տարի շարունակ փորձում էր կանխել անջատողական տրամադրությունների տարածումը երկրում:
Խորհրդարանում այժմ փոքրամասնություն կազմող նախագահական կուսակցության մեկ այլ անդամ` Դավիթ Դարչիաշվիլին մատնանշում է, որ Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող բազում այլ երկրներ նույնպես դեռեւս չեն վավերացրել Խարտիան:
Նրա կարծիքով, Վրաստանը նախ եւ առաջ պետք է ազատվի արտաքին սպառնալիքներից, նախքան երկրի ներսում եղած վտանգներին ենթարկվելը:
Դարչիաշվիլին, ակնարկելով 1990-ականների պատերազմների ժամանակ անկախացած Աբխազիան եւ Հարավային Օսիան, նշում է. «Երբ տարածքիդ 20 տոկոսն օկուպացված է, եւ Մոսկվայից այնպիսի հայտարարություններ են լսվում, թե Վրաստանը պետք է «Թբիլիսի նահանգը» լինի (այսինքն`մտնի Ռուսաստանի կազմի մեջ), այս հարցերը բարձրացնելը մեր շահերից չի բխում»:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին իր հերթին ընդգծում է, որ դեռեւս 15 տարի առաջ, երբ Սաակաշվիլին զբաղեցնում էր խորհդարանի իրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հենց նրա շնորհիվ է Վրաստանը ստանձնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու պարտավորությունը:
«Վաղ թե ուշ, Վրաստանը կվավերացնի Խարտիան, այլապես մենք այդպես էլ ոչնչի չենք հասնի եվրաինտեգրման տեսանկյունից, որի մասին այդքան հաճախ է խոսում պարոն Սաակաշվիլին: Բացի այդ, Եվրոպական Միության հետ պարզեցված անցագրային ռեժիմին անցնելը հնարավոր չի լինի, մինչեւ չմիանանք Խարտիային», – ասում է նախարարը:
«Հետեւաբար, սա բարդ հարց է, որը պետք է քննարկվի հանրության, կառավարության եւ խորհրդարանի կողմից: Երբ խոսում ենք Եվրամիությանը եւ եվրոպական կառույցներին մերձենալու մասին, անհրաժեշտ է հաշվի առնել այն դժվարությունները, որոնք թույլ չեն տալիս մեզ շարժվել այդ ուղղությամբ», – եզրակացնում է Զաքարեիշվիլին:
Սոֆո Բուկիա
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net