Հակառակորդը բավական անկանխատեսելի է իր վարքագծով. Արցախի նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը դժվարանում է որևէ բան ակնկալել Ադրբեջանի հետ կրակի դադարեցման պայմանավորվածությունից և հրադադարի վերաբերյալ խորհրդակցություններից, որովհետև անկանխատեսելի է համարում հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսում:

«Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանն այդ հրադադարը պահելու ոչ մի ցանկություն չունի և արդեն բավական ժամանակ է անցել հրադադարի ուժի մեջ մտնելու ժամից, բայց շարունակվում են Ադրբեջանի կողմից հարձակումները, հրետակոծություններն ու հրթիռակոծությունները: Սակայն այսօր ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ դա դժվար գործընթաց է, միանգամից հնարավոր չէ լուծում տալ: Գործընթաց է, որն ընթանում է այս պահին, երկու կողմերի հետ աշխատանքներ են ընթանում»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը թե’ պաշտոնական Ստեփանակերտը, թե’ պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ են արտահայտվել:

«Սակայն մենք ունենք մի հակառակորդ, մի թշնամի, որը բավական անկանխատեսելի է իր վարքագծով, այդ պատճառով այսօր շատ դժվար է որևէ ակնկալիք, սպասում և ընդհանրապես այս առումով որևէ կարծիք արտահայտել»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 11-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի:

Հոկտեմբերի 11-ի երեկոյան, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։