Մոցարտի սիրված գործերի կատարմամբ Երևանում նշվեց կոմպոզիտորի 265-ամյակը

Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և «Armenian» լարային քառյակը Մոցարտի ծննդյան 265-ամյակի առթիվ հանդես եկան համատեղ համերգային ծրագրով, որի շրջանակում կատարեցին կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:

Երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում քառյակի ջութակահար Աստղիկ Վարդանյանն ասում է, որ Մոցարտը մեծ դերակատարություն ունի յուրաքանչյուր դասական երաժշտի կյանքում: «Բախ, Մոցարտ, Բեթհովեն: Նրանք դասական երաժշտության կարևոր հիմնաքարերն են: Ե՛վ կվարտետային, և՛ կամերային երաժշտության մեջ Մոցարտը մեծ դեր ունի: Ես բախտ եմ ունեցել Լոնդոնում սովորել ջութակահար, դիրիժոր, «Չիլինգիրյան լարային քառյակի» հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր Լևոն Չիլինգարյանի մոտ, որն աշխարհում Մոցարտի ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: «Ամադեուս» ֆիլմում հենց նրա կատարումներն են հնչում: Հավանաբար դա է պատճառը, որ ինձ համար Մոցարտը իրապես յուրահատուկ է»,-նշում է ջութակահարը:

Ըստ Վարդանյանի՝ Սվետլանա Նավասարդյանը ևս Մոցարտի գործերի փայլուն կատարող է: «Առաջին անգամ ենք համագործակցում նրա հետ: Շատ հետաքրքիր և բացառիկ ապրումներ ենք ունեցել անգամ փորձերի ընթացքում: Ամեն փորձ մեզ համար բացահայտում էր. միշտ նորովի ենք ընկալում Մոցարտին: Սվետլանա Նավասարդյանն ասում է, որ պետք չէ ամեն ինչ պայմանավորվել, ամեն բան մինչև վերջ բացահայտել: Նավասարդյանի կարծիքով՝ Մոցարտը պետք է միշտ թարմ լինի. ասես առաջին անգամ ես ընթերցում: Գրավիչ է Մոցարտի գործերի թարմությունը, մանկականությունը և միևնույն ժամանակ խորությունն ու անակնկալի զգացողությունը»,-շեշտում է երաժիշտը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում